Մատչելիության հղումներ

Հայաստան - Սփյուռք երրորդ խորհրդաժողովի փակման օրը մասնակիցների հայացքները հիմնականում ուղղված էին ապագային: Բանախոսների պատկերացումներով, այդ ժամանակահատվածում եւս հայկական սփյուռքի առջեւ ծառացած կլինի հայապահպանման խնդիրը, ընդ որում`ավելի բարդ տեսքով:

Միացյալ Նահանգներից ժամանած Թոմ Սամվելյանի համոզմամբ` հայապահպանմանը մեծապես կարող է նպաստել վերադարձը դասական ուղղագրությանը:

Ֆրանսահայ Պետրոս Թերզյանն իր գնահատականներում ավելի քննադատական էր: Նրա խոսքերով, սփյուռքը պետք է հպարտանա Հայաստանով, սակայն «ոչ թե այս, այլ` կաշառակերությունից զերծ եւ ժողովրդավար երկրով, որտեղ կա վստահություն իշխանությունների նկատմամբ»:

«Սա ձեր պարտականությունն է», - ասաց նա: - «Եթե սա մեզ չտաք, մեզանից ավելին մի ակնկալեք»:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի իշխանությունների նկատմամբ անվստահության ու կաշառակերության եւ Սփյուռքի հետ համագործակցության վրա դրանց ազդեցության վերաբերյալ ասաց. - «Ինչքան բարձր է վստահությունը Հայաստանի նկատմամբ, իշխանությունների նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, որ ստանում են այդ դրամները, որ պիտի ծախսեն ժողովրդի համար, այդքան շատ է գումարը: Այստեղ կասկած չկա: Իրոք, դա խոչընդոտ կարող է լինել»:

Երեկ եւս խորհրդաժողովի սփյուռքահայ մասնակիցները խոսեցին Հայաստանում Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը չթաքցրեց իր բացասական դիրքորոշումն այդ գաղափարի նկատմամբ. - «Հայաստանից նախարարությամբ, գործադիր իշխանության ինչ-որ կառույցով այդ հարաբերությունները կառավարելը անհնարին է եւ համահունչ չէ այն մարտահրավերներին, որոնք այսօր գոյություն ունեն»:

Գագիկ Հարությունյանի պնդմամբ, առաջնահերթությունների հստակեցման եւ Հայաստան - Սփյուռք գործակցության կանոնակարգման համար անհրաժեշտ է օր առաջ ստեղծել Հայաստան - Սփյուռք գործակցության համահայկական խորհուրդ. - «Հայաստանը այդ խորհրդում պետք է ներկայանա իր պետականությամբ, Արցախը պետք է ներկայանա իր պետականությամբ, սփյուռքը պետք է ներկայանա իր ներկայացուցչական պարագայով»:

Իր ելույթում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղ համարեց գնահատել խորհրդաժողովի արդյունքները, սակայն նշեց, որ խորհրդաժողովի ընթացքում հնչած հարցերից պետք է մտապահել նրանք, որոնց լուծումն այսօր անհնար է` դասական ուղղագրությանն անցնելու եւ Սփյուռքի խորհուրդ կամ նախարարություն ստեղծելու հարցերը:

«Ես կհամարեի այս խորհրդաժողովը հայ ժողովրդի հավաքական ցանկությունների բարձրագույն մարմին, որի ընթացքում մենք որոշումներ ենք կայացնում, եւ ամեն մեկս փորձում ենք այդ որոշումները կյանքի կոչել իր գործունեության մեջ», - ասաց նախագահը: - «Այսպիսի հզոր ներուժը չհավաքել մեկ խնդրի շուրջ, ազգային նպատակների լուծման համար, նաեւ Հայաստանի ղեկավարության համար կլիներ հանցավոր անփութություն»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG