Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը


Այսօր հրաժարականի մասին հայտարարեց «Սահմանադրական իրավունք» միության հիմնադիր նախագահ Հրանտ Խաչատրյանը` չհրաժարվելով, սակայն Ազգային ժողովի պատգամավորի մանդատից:

«Ելնելով ստեղծված իրավիճակից` ես գտնում եմ, որ հարցի լուծման ճանապարհը հետեւյալն է. ես հրաժարական եմ տալիս «Սահմանադրական իրավունք» միության նախագահի պաշտոնից եւ խոստանում եմ հանրությանը չզբաղվել քաղաքականությամբ, հրապարակային որեւէ գործունեությամբ», - լրագրողներին ասաց նա` հավելելով. - «Դրա դիմաց պահանջում եմ փրկել այն ամենը, ինչը որ հանրության կողմից համարվում է արժեք` «Սահմանադրական իրավունք» միության արժեքային համակարգի գնահատականներով: Դրանք են`«Սահմանադրական իրավունք» միության կարգավիճակը, «Սահմանադրական իրավունք» միության սեփականաշնորհված տարածքը, «Իրավունք» թերթը ամբողջությամբ եւ «Սահմանադրական իրավունք» միության հրապարակային գործիչների հեղինակությունը»:

Խաչատրյանը, սակայն, չի պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից, քանի որ այն իրեն անհրաժեշտ կլինի, եթե «ոտնահարվեն «Իրավունք» թերթի խմբագիրներից որեւէ մեկի իրավունքները:

2003 թվականին Խաչատրյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով:

Երկուշաբթի օրը Հրանտ Խաչատրյանը, որը շաբաթավերջին կայացած «Սահմանադրական իրավունք» միության 17-րդ արտահերթ համաժողովում վերընտրվել էր կուսակցության նախագահի պաշտոնում, հայտարարել էր, որ «կհեռանա քաղաքականությունից», եթե մինչեւ չորեքշաբթի օրը նույն համաժողովում կուսակցության փոխնախագահ ընտրված Հայկ Բաբուխանյանը, որը նաեւ «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահն է, առնվազն երեք ամսով չդադարեցնի ՍԻՄ փոխնախագահի իր լիազորությունները:

Հրանտ Խաչատրյանը ասել էր նաեւ, որ կուսակցությունը հասել է այնպիսի մի վիճակի, երբ պարարտ հող է ստեղծվել «դրսից վերահսկելիության», «քաղաքական գովազդի», «հովանավորչության» համար:

Խաչատրյանի խոսքերով, իր եւ Բաբուխանյանի միջեւ հակամարտությունը սկսվել է թերթի հետ կապված ֆինանսական որոշ հարցերում անհամապատասխանությունների պատճառով:

Բաբուխանյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասել էր, թե «տեղյակ չէ» եւ «որեւէ հակամարտություն պարոն Խաչատրյանի հետ չունի»:

«Մինչեւ օրս», - ասել էր Խաչատրյանը, - «կուսակցության գոյության համար միջոցները հայթայթվել են ոչ կրիմինալ ճանապարհով, բայց, այնուամենայնիվ, եղել են որոշ կոմպրոմիսներ քաղաքական գովազդի առումով»:

Հայկ Բաբուխանյանի պնդմամբ` «Իրավունք» թերթը գործել է «թերթի կանոնադրության հիման վրա»:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG