Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթում անդրադարձել է իսլամին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի ելույթի առանցքային թեմաներից մեկը իսլամն էր:

«Մենք հարգում ենք իսլամը: Բայց մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդին այն մարդկանցից, որոնք իսլամը դարձնում են ավեր եւ մահ բերող միջոց: Մեր նպատակը ավելի հանդուրժողական համակարգ ստեղծելն է, որը հարգում է բոլոր դավանանքները եւ պաշտպանում է խաղաղությունը», - ասել է Բուշը:

ԱՄՆ-ի նախագահը, դիմելով մերձավորարեւելյան տարածաշրջանի բնակիչներին, ասել է. - «Իմ երկիրը խաղաղություն է ուզում: Ձեզանում գտնվող ծայրահեղականները քարոզներ են տարածում` պնդելով, թե Արեւմուտքը, իբր, ներքաշվել է իսլամի դեմ պատերազմի մեջ: Դա սուտ է, որը նպատակը ձեզ շփոթության մեջ գցելն ու ահաբեկչական գործողությունները արդարացնելն է»:

Իր խոսքում Ջորջ Բուշը դիմել է նաեւ Հայաստանի անմիջական հարեւան Իրանի ժողովրդին` հայտարարելով, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարչակազմը հովանավորում է ահաբեկիչներին եւ փորձում է միջուկային զենք ստեղծել. - «Իրանը պարտավոր է հրաժարվել այդ ամբիցիաներից: Սակայն մենք դեմ չենք, որ Իրանն իրագործի իսկապես խաղաղ միջուկային ծրագիր: Մենք փորձում ենք հարցի դիվանագիտական լուծում գտնել: Մենք հուսով ենք, որ կգա այն օրը, երբ դուք կապրեք ազատության մեջ: Ամերիկան եւ Իրանը կարող են լինել լավ բարեկամներ, որոնք սերտորեն կհամագործակցեն խաղաղության հաստատման գործում»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG