Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրականը փաստում է.-«Հայաստան - Սփյուռք խորհրդաժողովի շեշտադրումները թերեւս բնական են հնչում մի երկրում, որը դե ֆակտո ապրում է արտերկրից ուղարկվող տրանսֆերտների հաշվին: Այսինքն` երկիրն ապրում է մի հոգեբանությամբ, որ կոչվում է «աչքը դրսում»: Եվ չնայած ժողովրդական այս ձեւակերպման իմաստը ինքնին բացասական է, ՀՀ գործող իշխանությունները եւ ավանդական Սփյուռքի «ազգային գործիչները» համաձայնության են եկել, որ այս իրավիճակը պետք է ֆիքսել որպես Հայաստանի ընտրած «զարգացման» կոնցեպցիա: Ու հիմա Հայաստանը հայտնվել է որբի կարգավիճակում, երբ նրա քեռիները, հորաքույրները հավաքվել, որոշում են, թե ով ինչ կարող է նվիրաբերել այդ որբին: Իհարկե, հարուստ քեռի կամ հորեղբայր ունենալը վատ բան չէ, վատը որբի կարգավիճակն է, որովհետեւ ցանկացած ոք, ով, ասենք, հարյուր դրամի ուտելիք է տվել այդ նույն որբին, հավակնում է վճռական ձայն ունենալ նրա հետագա ճակատագիրը որոշելու գործում»:

Իր մեկնակետից դիտարկելով Հայաստան - Սփյուռք համաժողովի կոլորիտը` «Առավոտ»-ը այսօր գրել է. - «Անցած բոլոր համաժողովներում մեր սփյուռքահայ բարեկամները առաջարկում են Հայաստանում ստեղծել Սփյուռքի նախարարություն, մերոնք էլ միշտ կցկտուր խոստումներ են տալիս՝ շատ լավ իմանալով, որ չեն ստեղծելու: Երեկ համաժողովի հերթական նիստի ժամանակ եւս նման առաջարկ եղավ: Մեր սփյուռքահայ բարեկամները նաեւ ուզում են, որ Հայաստանի խորհրդարանում գոնե 10 տեղ հատկացվի սփյուռքահայերին` նույնիսկ կոնկրետ նշելով, թե աշխարհի որ երկրի հայության համար որքան տեղ է հարկավոր: Ասենք, ԱՄՆ-ի համար առաջարկվում էր երկու տեղ»։

«Տարեգիր» թերթի տեղեկություններով, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հրավիրվել Հայաստան - Սփյուռք համահայկական երրորդ խորհրդաժողովին։ Փոխարենը, ըստ թերթի, խորհրդաժողովի կազմակերպիչների ուշադրությունից չի վրիպել Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Այս առթիվ պարզաբանում ստանալու թերթի խնդրանքին ի պատասխան, արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը ասել է, թե «խորհրդաժողովի մուտքն ազատ է եղել, եւ որեւէ մեկին չի ուղարկվել հրավիրատոմս»։

Գնահատելով Անկախության 15-ամյակի իրողությունները` նույն թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Իշխանությունն այսօր մեր երկրի հետ վարվում է այնպես, ինչպես մի ռազմաավարի։ Կարծես մեզ գրավել են ու հիմա ինչքան կարող են՝ պիտի թալանեն, չէ՞ որ իրենք անցողիկ են, իսկ պաշտոնաթող լինելուց հետո պիտի ապրեն, այն էլ՝ արքայավայել», - գրել է մեկնաբանը` հավելելով. - «Շատ տարօրինակ է, որ անկախության 15 տարիները չափից դուրս բարենպաստ ազդեցություն են ունեցել միայն քաղաքական գործիչների վրա... Իսկ ժողովուրդն իրեն մխիթարում է նրանով, որ երկար տարիներ օտար բռնակալների տիրապետության տակ մնալով չեն ոչնչացել, հիմա էլ սեփական բռնակալներին կդիմանան»։

Տեւական ընդմիջումից հետո կրկին ասպարեզ եկած «Հայք» թերթը, այսօր փոխանցելով, թե մայրաքաղաքի կենտրոնը գրաված զորքը եւ զրահատեխնիկան նախապատրաստվում են Անկախության 15-ամյակին նվիրված զորահանդեսին` մանրամասնել է. - «Նախապատրաստվում են շատ ցուցադրաբար` կաթվածահար անելով մայրաքաղաքի կենտրոնի բնականոն կյանքը, եթե իհարկե, նման կյանք հնարավոր է շինհրապարկի վերածված կենտրոնում։ Այն տպավորությունն է, թե մեր սահմաններն այս օրերին պաշտպանության կարիք չունեն եւ միակ խնդիրը Հայաստանի «խղճուկ» քաղաքացիներին Սերժ Սարգսյանի հզորությունը ցուցադրելն է», - եզրակացրել է թերթը։

«1998-ին իշխանությունից հեռանալուց հետո շուրջ 9 տարի սեփական գոյության մասին ընդամենը հիշեցնող ՀՀՇ-ն այսօր նորից ակտիվ քաղաքական ասպարեզ վերադառնալու հայտ է ներկայացնում»,- առանձնացրել է այսօր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը` փաստարկելով. - «Ներկայումս, երբ ակնհայտ է արմատական ընդդիմության հետագա թուլացման միտումը եւ դրան հակառակ՝ իշխանության ճամբարում տեղի ունեցող համախմբման գործընթացները, ՀՀՇ-ն զգում է, որ վրա է հասնում ընդդիմադիր դաշտի վակուումը «լցնելու» ամենահարմար պահը... ՀՀՇ-ի վերադարձի փաստը ցույց է տալիս, որ գալիք խորհրդարանական, ապա նախագահական ընտրությունները կարող են դառնալ ոչ թե տարբեր թեկնածուների ոտքերի տակ ոչխար մորթելու հարցում միմյանց հետ մրցելու ասպարեզ, այլ գաղափարների ու ծրագրերի շուրջ լուրջ բանավեճերի ծավալման առիթ»։

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը քաղաքական կյանքի քրեականացման իրողությունները նկատի առնելով, հիմնավորել է. - «Վատ չէ, երբ կրիմինալ խավը, դառնալով սեփականատեր, փորձում է քաղաքակրթվել եւ մտնել լեգալ դաշտ: Սա նորմալ ու օրինաչափ զարգացման ընթացք է: Հայաստանում էլ քաղաքակրթական այս փուլը զարգացման ընթացք ունի... Հիմնական վտանգն այն է, որ, ցավոք, ոչ բոլոր ընտրողներն ունեն այնքան ֆինանսական եւ տնտեսական ինքնուրույնություն, որ ազատ լինեն այս կամ այն ուժից կախվածության մեջ հայտնվելու սպառնալիքից: Այս վիճակն է ընտրությունների ժամանակ հնարավորություն տալիս գնել ընտրողի քվեն», - եզրակացրել է քաղաքագետը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG