Մատչելիության հղումներ

Զանգվածային անկարգությունների առիթը Հունգարիայում երկրի վարչապետի խոստովանությունն է


Հունգարիայում վերջին օրերին սկսված անկարգությունների պատճառը երկրի վարչապետ Ֆերենց Դյուրչանի` մայիսի 26-ին արած խոստովանությունն էր: «Մենք ստախոս ենք», - ասել էր վարչապետը` հավելելով, որ ապրիլին ընտրությունները շահելու նպատակով իշխող սոցիալիստները մարդկանցից թաքցրել էին ճշմարտությունը երկրում ստեղծված վիճակի մասին:

«Մենք ընտրություն չունեինք, շատ ենք խաբել: Եվրոպական ոչ մի երկրում այդքան հիմարություն չէր արվել: Անվերջ խաբել ենք անցած 1,5-2 տարիների ընթացքում: Չեմ կարող նշել գոնե մեկ քաղաքական նախաձեռնություն, որի մասին հնարավոր է հպարտությամբ խոսել, ոչ մի քայլ չենք արել՝ կառավարությունն այս կեղտից դուրս հանելու համար», - ասել է վարչապետը: - «Ակնհայտ է, որ այն ամենը, ինչ ասել ենք մարդկանց, բացահայտ սուտ է»:

Վարչապետի խոստովանությամբ տեսագրությունից մի հատված անցած կիրակի, դեռեւս անհայտ ճանապարհով, հայտնվել էր Հունգարիայի հանրային ռադիոյի կայքէջում:

Իսկ երեկ հարյուրավոր մարդկանց խաղաղ հավաքը վերաճել է հզոր ցույցի, որի մասնակիցների թիվը հասել էր շուրջ տասը հազարի: Ցուցարարները պահանջում էին ամբողջությամբ ցուցադրել տեսագրությունը, փորձում էին ներխուժել հեռուստատեսության կենտրոն:

Ցուցարարները պահանջել են նաեւ կառավարության հրաժարականը: Տեղի ունեցած բախման արդյունքում ավերվել են խանութներ, շենքեր, վնասվածքներ են ստացել հարյուրավոր մարդիկ` այդ թվում իրավապահներ: Հրկիզվել են բազմաթիվ ավտոմեքենաներ:

Վերջին անգամ զանգվածային անկարգություններ Բուդապեշտում շատ վաղուց են եղել՝ սոցիալիստական ճամբարի հոգեվարքի օրերին:

Վարչապետը հայտարարել է, թե ոչ մի դեպքում հրաժարական չի ներկայացնի:

«Կիրակի երեկոյան ես երեք րոպե մտածել եմ հրաժարականի մասին: Ես հասկացել եմ, որ հրաժարական ներկայացնելու պատճառ չկա», - ասել է Ֆերենց Դյուրչանը «Ռոյթերզ»-ի թղթակցին: - «Մենք ունենք բողոք հայտնելու իրավունք, բայց համոզված եմ, որ ազգային ինստիտուտները քայքայելու իրավունք չունենք: Դա անընդունելի է»:

Նախագահ Լասլո Սոլոմը քննադատել է վարչապետին. - «Կիրակնօրյա լուրը երկրում բարոյական ճգնաժամ է ստեղծել»:

Այնուամենայնիվ, վարչապետի սոցիալիստական կուսակցությունը եւ իշխող դաշինքի մաս կազմող Ազատ դեմոկրատները հայտարարել են, թե անվերապահորեն սատարում են Դյուրչանին:

Ընդդիմությունը, մինչդեռ, վարչապետին հորդորում է հրաժարական ներկայացնել: Նախկին վարչապետ Վիկտոր 0րբանը, որը համարվում է Դյուրչանի թիվ մեկ հակառակորդը, ասել է, թե Դյուրչանը Հունգարիայի քաղաքական ասպարեզում այլեւս «պերսոնա-նոն-գրատա» է՝ անցանկալի անձ:

Հունգարիայում վերջին տարիներին բնակություն հաստատած հայերից Հարությունը, որը արդեն տասը տարի ապրում է Բուդապեշտում, ասել է, թե տեղի հայերն առանձնապես մտահոգված չեն. - «Այստեղ ազգային հարց չկա: Իհարկե, բոլորս էլ հետաքրքրվում ենք, բայց անհանգստություն չկա»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG