Մատչելիության հղումներ

logo-print

«Ոչ մի դեպքում մի եկեք Թուրքիա», - Հռոմի պապին հորդորում է Մեհմեթ Ալի Աղջան


Թուրք ահաբեկիչ Մեհմեթ Ալի Աղջան, որը 1981 թվականին մահափորձ էր կատարել Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի նկատմամբ, պնդում է, թե ներկայիս Պապ Բենեդիկտոս 16-րդի կյանքը վտանգված է:

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, Աղջան, որը ներկայումս իր պատիժը կրում է Ստամբուլի բանտում, սեպտեմբերի 18-ին ուղերձ է հղել Պապին: Ուղերձը Աղջան հասցեագրել է իտալական «Ռեպուբլիկա» թերթի խմբագրությունը:

«Ռատցինգեր Պապ, սա ասում է նա, ով լավատեղյակ է նման գործերին: Այժմ Ձեր կյանքը վտանգված է: Ոչ մի դեպքում մի եկեք Թուրքիա»,- ասված է Աղջայի նամակում:

Ահաբեկիչն անդրադարձել է նաեւ 1981 թվականի մայիսի 13-ին Հովհաննես Պողոս 2-րդ Պապի նկատմամբ մահափորձի պատմությանը` գրելով. - «1980-2000 թվականներին ես շփվել եմ Արեւմուտքի երկրների եւ Վատիկանի տարբեր հատուկ ծառայությունների հետ: Այդ տարիներին ես շատ բան եմ սովորել եւ մի քանի անհավատալի գաղտնիքներ եմ իմացել»:

Միաժամանակ, «Ռոյթերզ» գործակալության հաղորդման համաձայն, Անկարայի կրոնական գործերով գլխավոր տնօրինության աշխատակիցները պահանջագիր են ներկայացրել Թուրքիայի արդարադատության նախարարություն, որում կոչ են անում գործ հարուցել իսլամի մասին Պապի հայտարարությունների կապակցությամբ եւ երկիր ժամանելուն պես ձերբակալել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետին:

Մահմեդական աշխարհը վրդովված է իսլամի մասին Հռոմի Պապի՝ Գերմանիայում արած հայտարարությունների կապակցությամբ: Իսլամական տարբեր պետություններ սուր քննադատության են ենթարկել Պապին՝ պահանջելով, որ նա ներողություն խնդրի:

Բավարիայի Ռեգենսբուրգ քաղաքում կարդացած դասախոսության ընթացքում Բենեդիկտոս 16-րդը կոչ էր արել «մտածել ջիհադի (սրբազան պատերազմի) իսլամական հայեցակարգի մասին, որը հակասում է բանականությանը եւ աստվածային էությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG