Մատչելիության հղումներ

logo-print

Հոկտեմբերի 6-ից կգործարկվի «հայերեն ինտերնետը»


Ինտերնետային համապատասխան էջում, որի էլեկտրոնային հասցեն կհրապարակվի հոկտեմբերի 6-ին, տեղադրված է հատուկ պատուհան, որտեղ մուտքագրելով տվյալ կայքի հասցեն, հնարավոր է այն ամբողջությամբ տեսնել եւ կարդալ հայերեն:

Կայքը ստեղծվել է անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն «օն-լայն» թարգմանչական առաջին ծրագրի հիման վրա, ինչը Ճարտարագիտական համալսարանի «Մեքենայական թարգմանության» լաբորատորիայի շուրջ վեց տարվա աշխատանքի արդյունքն է: «ԻՍՄԱ» կոչվող այս ծրագիրը թարգմանում է ոչ թե բառացի, այլ ըստ իմաստի՝ համապատասխան շարադասությամբ եւ քերականական կանոններով:

«Ծրագիրը դեռ լիարժեք չի կարող մրցել պրոֆեսիոնալ թարգմանիչների հետ, քանի որ այն, ի վերջո, մեքենա է», - ասում է ծրագրի հեղինակ, գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը: - «Սակայն մասնագետների շրջանակներում արդեն այսօր մեծ հետաքրքրություն կա դրա նկատմամբ: Աշխատանքի սկզբունքն այն է, որ մուտքային տեքստը վերլուծության է ենթարկվում, վերածվում միջանկյալ տեսքի՝ որն արտահայտում է մուտքային տեքստի միայն իմաստը, հետո բերում է թարգմանած տարբերակը»:

Աշխարհում նման ինտերնետային թարգմանիչներ ունեն մի քանի երկրներ` Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը:

Հայաստանում թարգմանիչ ծրագիր ստեղծելու միակ փորձը 60-ականներին ձեռնարկել էր Գիտությունների ակադեմիան, որն այդպես էլ հաջողության չհասավ: Երկրորդ լուրջ փորձը (2000 թվականից) այս երիտասարդ ուսանող-ծրագրավորողներինն էր, որոնց ղեկավարում է Էդուարդ Մանուկյանը: «Արհեստական բանականության համակարգերի» մշակման ուղղությամբ գիտնականի մի քանի տասնամյա հետազոտությունների արդյունքներն էլ հիմք են ծառայել այս ծրագրի ստեղծման համար:

Խումբը հինգ տարի աշխատել է առանց լուրջ ֆինանսավորման եւ վարձատրության, քանի որ, Մանուկյանի հավաստմամբ, ծրագրի կայացմանը մշտապես խոչընդոտել է հենց ակադեմիան: Ըստ նրա, ակադեմիայում ունեցել են համանման ծրագիր ստեղծելու գաղափար, որի համար 3 տարի շարունակ պետությունից ստացել են 50 միլիոն դրամ, սակայն այդպես էլ գաղափարը չի կայացել: Էդուարդ Մանուկյանի հավաստմամբ՝ ակադեմիական շրջանակները բազմիցս փորձել են «տեր կանգնել» իրենց արածին, ինչը, սակայն չի հաջողվել:

Առճակատման արդյունքը եղել է այն, որ երիտասարդ ծրագրավորողների խումբը տարիներ շարունակ զուրկ է եղել լուրջ ֆինանսավորումից: Կառավարությունը ծրագիրը ֆինանսավորել է միայն վերջերս:

«Վարչապետը հանձնաժողով կազմեց, ստուգեցին, պահուստային ֆոնդից գումարներ տրամադրեցին: Հունիսից ենք սկսել աշխատավարձ ստանալ», - փաստեց Էդուարդ Մանուկյանը: - «Մինչ այդ, երեւի, չէին հավատում, որ ծրագիրը լուրջ է, ես էլ չէի ուզում «վիզ ծռել»»:

Ինտերնետային այս կայքը թարգմանում է ոչ միայն ինտերնետային էջերը, այլեւ ցանկացած տեքստ, ցանկացած բառ: Այստեղ տեղադրված է նաեւ սրբագրիչ-ծրագիր, որը մեխանիկորեն ուղղում է բոլոր սխալները:
Հեղինակները «ԻՍՄԱ» ծրագիրը վաճառելու մտադրություն չունեն, այն բոլորի համար է:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG