Մատչելիության հղումներ

logo-print

Իլհամ Ալիեւ. «Երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծում մեր հողերի վրա»


«Թյուրքական աշխարհի դեմ կանգնած է կազմակերպված հայկական սփյուռքը, որը այդ աշխարհի երկրներին վնաս է հասցնում՝ կեղծ քարոզչություն տարածելով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք պետք է հարձակման անցնենք եւ ջախջախենք նրանց քարոզչությունը»,- ասել է նա:

Երեկ ելույթ ունենալով Թրքախոս երկրների եւ համայնքների 10-րդ կոնգրեսում, որը անցկացվում է թուրքական Անթալիա քաղաքում, Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը, որը «գտնվում է Ադրբեջանի պատմական հողերի վրա», Ադրբեջանին տարածքային պահանջներ է ներկայացնում եւ «ագրեսիայի միջոցով զավթել է» երկրի տարածքի 20 տոկոսը, որտեղ «էթնիկ զտում» է իրականացրել: Ավելին, ըստ նրա, Հայաստանը այսօր «նոր տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ»:

«Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ հայկական պետության ստեղծում մեր հողի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ համոզմունք հայտնելով, թե Ադրբեջանը, մոբիլիզացնելով իր բոլոր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական հնարավորությունները, կազատագրի երկրի՝ հայկական զինված ուժերի կողմից «օկուպացված» տարածքները:

«Ադրբեջանն անպայման հասնելու է իր տարածքային ամբողջականության վերականգնմանը»,- վստահեցրել է Ալիեւը:

Նա խոսել է նաեւ թրքախոս երկրների միավորման մեծ հնարավորությունների մասին եւ նման միավորման կոչ է արել:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը «կտրուկ փոխել են իրավիճակը աշխարհում եւ, անշուշտ, մեր տարածաշրջանում»: «Այսօր այդ նախագծերը վճռում են տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը: Դրանք կամրապնդեն մեր տնտեսական եւ քաղաքական դիրքերը»,- ասել է Ալիեւը:

Նա հայտարարել է նաեւ, թե Ադրբեջանը Թուրքիային եւ Թուրքիան Միջին Ասիայի երկրներին կապող ուղիները, ինչպես նաեւ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը «աշխարհում կստեղծեն միանգամայն նոր իրադրություն», եւ կոչ է արել մասնակից երկրներին օգտվել դրանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG