Մատչելիության հղումներ

Այսօր բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը


Նյու Յորքում այսօր բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական՝ 61-րդ նստաշրջանը: «Ընդհանուր բանավեճ» անունը կրող քննարկումների ընթացքում ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները կանդրադառնան միջազգային քաղաքականության հրատապ խնդիրներին:

Այսօր արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին կդիմի ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը: Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, թե Բուշի ելույթում հիմնական շեշտը դրվելու է Մերձավոր Արեւելքի ժողովրդավարացմանն եւ Իրանի միջուկային ծրագրին: Վերջին խնդրի շուրջ ամիսներ առաջ ծագած սկանդալը, ըստ արեւմտյան լրատվամիջոցների, դառնալու է այսօր մեկնարկող քննարկումների հիմնական թեման:

Ըստ ամենայնի, Բուշի տեսակետը հենց այսօր սուր քննադատության է ենթարկվելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից: Իրանը շարունակում է պնդել, որ իրավունք ունի զարգացնել միջուկային տեխնոլոգիաները:

«Չմիացած պետությունների համաժողովը» Հավանայում կիրակի օրը հայտարարեց, թե Իրանը միջուկային տեխնոլոգիաներին տիրապետելու լիակատար իրավունք ունի: Համաժողովին մասնակցել են աշխարհի 118 պետություններ, եւ Իրանի նախագահը Նյու Յորք է ժամանում աջակցության լուրջ պաշարով:

Հարավային Կովկասի պետություններից նյույորքյան քննարկումների ժամանակ միայն Վրաստանն է ներկայացված լինելու նախագահի մակարդակով, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը Նյու Յորքում կներկայացնեն արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրեթե լիովին բացառեց ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը Նյու Յորքում: «Կլինեն, հավանաբար, նորից [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահների հետ առանձին հանդիպումներ, բայց երկու նախարարների հանդիպում մոտ ապագայում ես ուղղակի չեմ տեսնում, առավել եւս՝ Նյու Յորքում, կարծում եմ, դա չի լինի»,- հայտարարեց նա:

Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվելու է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների հարցը: Ենթադրվում է, որ խորհրդի անդամների թիվը, ի վերջո, ընդլայնվելու է՝ ի հաշիվ մի շարք տնտեսապես զարգացած պետությունների, ինչպես, օրինակ, Գերմանիան կամ Ճապոնիան: Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի, առանց Անվտանգության խորհրդի ռեֆորմի անհնար կլինի խոսել ՄԱԿ-ի ողջ կառույցի բարեփոխման մասին:



Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG