Մատչելիության հղումներ

Շվարցենեգերը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 15-ամյակի առթիվ


Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը երկուշաբթի օրը հրապարակել է հայտարարություն՝ շնորհավորելով Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Գոհունակությամբ իմ ջերմագին ողջույններն եմ հղում Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձը նշողներին: Միշտ էլ կարեւոր է, որ մարդիկ միասնաբար ուրախանան իրենց ժառանգության համար, եւ ես ունեմ այս տոնական օրը Ամերիկայի հայ համայնքի հետ ուրախությունս կիսելու արտոնություն»,- ասված է հայտարարությունում, որը «Ազատություն» ռադիոկայանին է տրամադրել նահանգապետի Լոս Անջելեսի գրասենյակի փոխտնօրեն Լիսա Քալուստյանը:

«Դուք հարստացնում եք մեր երկիրը եւ հատկապես մեր նահանգը՝ ձեր տքնաջան աշխատանքով, երկրին ծառայելու բարձր տրամադրությամբ եւ մշակութային բազմաբնույթ ավանդույթներով: Շնորհակալ եմ Կալիֆորնիայի ուրույն եւ բազմաբնույթ նահանգին ձեր ներդրումների համար»,- ասված է Կալիֆորնիայի նահանգապետի ուղերձում:

«Պատվելով մեր հարազատ նախնիներին՝ մենք ոչ միայն ավելի լավ ենք հասկանում ինքներս մեզ, այլեւ ավելի ենք կարողանում գնահատել մշակույթ ու սովորույթները այն ժողովուրդների, ովքեր կերտում են մեր ոսկե նահանգը»,- գրում է Շվարցենեգերը:

«Կալիֆորնիայի ժողովրդի անունից խնդրում եմ ընդունել իմ ջերմ ողջույնները այս շատ իմաստալից տոնի եւ ապագա հաջողությունների համար»,- ասված է նահանգապետի հայտարարությունում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG