Մատչելիության հղումներ

Շաբաթավերջին կայացած «Սահմանադրական իրավունք» միության 17-րդ արտահերթ համաժողովում կուսակցության նախագահ վերընտրված Հրանտ Խաչատրյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ «երկիշխանություն չի հանդուրժի» եւ «կհեռանա քաղաքականությունից», եթե մինչեւ չորեքշաբթի օրը նույն համաժողովում կուսակցության փոխնախագահ ընտրված Հայկ Բաբուխանյանն առնվազն երեք ամսով չդադարեցնի ՍԻՄ փոխնախագահի իր լիազորությունները:

«Ես կհեռանամ քաղաքականությունից` գնահատելով դա ոչ թե որպես ինչ-որ մեկի` իմ դեմ ուղղված գործողությունների արդյունք, այլ` ես ինձ կզգամ առանց հենարանի` իմ անկախ, ինքնուրույն գործունեությունը ծավալելու համար», - լրագրողներին ասաց Խաչատրյանը:

Հայկ Բաբուխանյանը, ով նաեւ «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահն է, Հրանտ Խաչատրյանի վերջնագրի առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ոչինչ էլ չեմ պատրաստվում անել այդ առումով»:

«Որովհետեւ ինձ ընտրել է համաժողովը, ընտրել է ձայների մոտ 95 տոկոսով, եւ այս պահին ես կատարում եմ մեր համաժողովի կամքը` մնալով ՍԻՄ փոխնախագահ», - փաստարկեց նա` հարցին էլ, թե այդ դեպքում չի ափսոսա, եթե Հրանտ Խաչատրյանը, ինչպես հայտարարել է, հեռանա քաղաքականությունից` պատասխանելով. - «Ես բազմիցս կոչ եմ արել... հրաժարվել այդ քայլից: Ես կոչ եմ արել իրեն նաեւ համագումարում այդ հույզերը, կրքերը կասեցնել, անցնել ստեղծագործ աշխատանքի»:

Հրանտ Խաչատրյանը, մինչդեռ, իր վստահության հարցը նաեւ հասարակության առջեւ է դնում. - «Եթե հասարակությունը, դուք բոլորդ միասին կպնդեք, որ ձեզ պետք է Հայկ Բաբուխանյանը` որպես կոնյունկտուրային գործիչ, ես մի պայման ունեմ` չպահանջեք, որպեսզի ես մնամ այս կուսակցության նախագահը, եւ չպահանջեք, որպեսզի կուսակցություն անունը մնա «Սահմանադրական իրավունք» միություն»:

Երկուսն էլ փոխադարձաբար միմյանց մեղադրում են հիվանդագին կասկածամտության մեջ: Հրանտ Խաչատրյանի պնդում է, թե շաբաթ օրը ձախողվեց Հայկ Բաբուխանյանի՝ վերջին ամիսներին նախապատրաստած հեղաշրջումը կուսակցությունում: Հրանտ Խաչատրյանը պնդում է նաեւ, թե կուսակցությունը հասել է այնպիսի մի վիճակի, երբ պարարտ հող է ստեղծվել «դրսից վերահսկելիության», «քաղաքական գովազդի», «հովանավորչության» համար:

«Մինչեւ օրս», - ասաց Խաչատրյանը, - «կուսակցության գոյության համար միջոցները հայթայթվել են ոչ կրիմինալ ճանապարհով, բայց, այնուամենայնիվ, եղել են որոշ կոմպրոմիսներ քաղաքական գովազդի առումով»:

Հայկ Բաբուխանյանի պնդմամբ` «Իրավունք» թերթը գործել է «թերթի կանոնադրության հիման վրա». - «Մենք այդ կանոնակարգը չենք խախտել»:

Խաչատրյանի կարծիքով, հակամարտությունը սկսվել է թերթի հետ կապված ֆինանսական որոշ հարցերում անհամապատասխանությունների պատճառով: Բաբուխանյանը, մինչդեռ, պնդում է, թե «տեղյակ չէ» եւ «որեւէ հակամարտություն պարոն Խաչատրյանի հետ չունի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG