Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 16-ը սեպտեմբերի)


«Տոն, որ երբեք մեզ հետ չէ» վերնագրի տակ «168 ժամ» թերթի մեկնաբանը, իր դատողությունները շարադրելով Անկախության 15-ամյակի խորհրդի շուրջ, գնահատել է. - «Որքան էլ անկախության վիճակը հաճելի է տեսականորեն, գործնականորեն այն մերժելի է հայերիս համար։ Բավական է հետեւել այն գործարքներին, որոնց միջոցով մենք պատրաստ ենք մեր իսկ ենթակայությունից պարզապես վանել մեր երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները»։ «Մենք պատասխանատվություն կրել, որոշումներ ընդունել չենք սիրում, թող մեր փոխարեն մտածեն այլ երկրները», - արձանագրել է թերթի մեկնաբանն ու հավելել. - «Մերը մանր, գավառական հաճույքներն են, որոնք բնավ պայմանավորված չեն երկրի անկախությամբ, համամարդկային արժեքներով։ Այդ հաճույքներին կարող է ձգտել ցածր գիտակցություն, միջակ կրթություն ունեցող մեկը»։

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, իր հերթին, ամփոփելով Անկախության 15-ամյակը, մեր իրականության արժեքային համակարգը նույնացրել է թերմիդորյան հակահեղափոխության հետ` շեշտադրելով. - «Նոր հայկական թերմիդորի ձեւավորման ու կայացման հիմնական առանցքային կետեր կարելի է ընդունել 1995-ից սկսված բոլոր տեսակի ընտրությունների խախտման գործընթացը, որը եւս ապրեց իր ներքին էվոլյուցիան` 90-ականների համեմատաբար «համեստ» ու որոշ չափով իմպրովիզացված կեղծումներից մինչեւ 2005-ի սահմանադրական հանրաքվեի կեղծման կատարյալ ու անվրեպ գործող մեքենան»։ «Ճնշելով հասարակությանը ու օտարանալով դրանից` պետությունը իրականում ինքն իրեն զրկել է այն իրական լծակից ու ուժից, որին կարող է դիմել վտանգի ու մոբիլիզացման անհրաժեշտության պայմաններում... Արդյունքում անկախության 15 տարիների գրեթե ողջ ընթացքը կարելի է կոչել հայ ժողովրդի կորցրած պատմական ժամանակաշրջան», - եզրակացրել է մեկնաբանը։

«Ազգ» թերթն այսօր տեղեկացրել է, թե Վրաստանում շարունակվում են Հայաստանի այն քաղաքացիների ձերբակալությունները, որոնք երբեւէ հատել են Աբխազիայի կամ Հարավային Օսիայի սահմանը ռուսական կողմից. - «Եթե նախկինում ձերբակալությունները հիմնականում տեղի էին ունենում Բաթումիի եւ Փոթիի նավահանգիստներում, ապա արդեն իսկ առկա են ձերբակալություններ Բագրատաշենի կամ, այսպես կոչված, Սադախլոյի սահմանակետում»։ Թերթի փոխանցմամբ, օրերս Երեւան - Թբիլիսի գնացքից իջեցվել են ՀՀ մի քանի քաղաքացիներ, պահվել են Բագրատաշենի անցակետի ինչ-որ սենյակում` ադրբեջանցիների հետ, եւ միայն որոշ ժամանակ անց տեղափոխվել Թբիլիսի: «Ի՞նչ է սա նշանակում. իսկապե՞ս Վրաստանը որպես ցամաքային տարանցման կամ ընդհանրապես ժամանման երկիր վտանգավոր է դառնում բոլոր նրանց համար, ովքեր ՀՀ քաղաքացի են եւ «դժբախտություն» են ունեցել երբեւէ այցելելու Աբխազիա կամ Հարավային Օսիա», - հարցը թերթը վերահասցեագրում է Հայաստանի իշխանություններին։

Հարցին, թե ճի՞շտ է, որ Հանրապետական կուսակցության հնաբնակ գործիչները դժգոհ են, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ, քանզի դրա հետեւանքով «հին» հանրապետականներից ոչ ոք (բացի վարչապետից) չի լինելու նախընտրական ցուցակի առաջին տասնյակում` ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում հակադարձել է. - «Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ում նման քննարկումներ չկան, բայց կողքից չորսբոլորը քննարկում են մեր ցուցակների ձեւավորման հարցը։ Կուսակցությունն այդ խնդրի քննարկմանը դեռ չի անդրադարձել։ Ինչ վերաբերում է ՀՀԿ խորհրդի նախագահի ընտրությանը, ապա խորհրդի ցանկացած անդամ կարող է նախագահ դառնալ, եւ վերանայելու խնդիր չկա։ Կուսակցության նախագահը Անդրանիկ Մարգարյանն է, իսկ Սերժ Սարգսյանի հետ էլ մեր համագործակցության շրջանակը այսօր չէ, որ ձեւավորվել է։ Այդ համագործակցությունը բավական արդյունքներ տվել է եւ ապագայում ավելի մեծ արդյունքներ ենք ունենալու»։

«Առավոտ» թերթի վերլուծաբանն այսօր ենթադրել է, թե Հայաստանում կրիմինալի վրա հենվող իշխանությունների դեմ, այսպես կոչված, հակակրիմինալ շարժումը, Կրեմլի մատուցմամբ, իրականում համակարգում է ռուսական կողմնորոշում ունեցող ոչ անհայտ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը։ «Իհարկե, ուրիշներն ասում են, թե դրա թիկունքում կանգնած է ոչ այլ ոք, քան՝ հենց երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ու նաեւ դրանով են բացատրում հակակրիմինալ շարժման ընտրված թիրախը՝ ՀՀԿ-ն», - գրել է վերլուծաբանն ու փոխնացել, թե «վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանում է եղել Ռուսաստանի դաշնության նախագահի խորհրդական Կոլերովը, նաեւ Կրեմլից Հայաստան գործուղված եւս մի քանի վերլուծաբաններ, որոնց հանձնարարված է եղել մանրամասնորեն ուսումնասիրել եւ վերլուծել Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը խորհրդարանական ընտրությունների շեմին ու դրանց ժամանակ հնարավոր զարգացումները»։

«Կրիմինալ արժեվորման մեխանիզմը» վերնագրի տակ «Չորրորդ իշխանության» թերթը, պնդելով, թե իբրեւ մեխանիզմ «դրամի արժեվորման «օպերացիան» շատ լավ է մտածված, փաստագրել է. - «Փաստորեն, Հայաստանի իշխանությունները հորինել են մի մեխանիզմ, որով հնարավորություն են ստանում թալանել ոչ միայն Հայաստանի բնակչությանը, այլեւ վաղուց Հայաստանից մեկնած, արտասահմանում աշխատող եւ ամեն ամիս փող ուղարկող մեր հայրենակիցներին։ Եթե նախկինում դրսում աշխատողն ամեն ամիս հարազատներին երկու հարյուր դոլար էր ուղարկում եւ համարում էր, որ նրանք ինչ-որ չափով ապահովված են, այսօր ստիպված է երեք-չորս հարյուր դոլար ուղարկել: Այդ հավելյալ գումարն ուղղակի մտնում է իշխանությունների գրպանը՝ Կենտրոնական բանկի կամ շաքարավազ, վառելիք ու ալյուր ներկրողների միջոցով։ Իսկ չուղարկել հնարավոր չէ։ Հայաստանում մնացածները պարզապես հայտնվել են պատանդի կարգավիճակում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG