Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմադիր ուժերը կրկին քննարկեցին «Հակակրիմինալ շարժման» ստեղծմանն առնչվող հարցեր


Ուրբաթ օրը հայաստանյան մեկ տասնյակից ընդդիմադիր քաղաքական ուժեր անցկացրին երկրորդ խորհրդակցությունը հակակրիմինալ շարժում սկսելու վերաբերյալ: Նախորդ` մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խորհրդակցության համեմատ, այսօր մասնակիցների թիվը համալրել էին Հայաստանի ժողովրդական կուսակցության, Հայոց համազգային շարժման, «Օրինաց երկիր» եւ Հայաստանի երիտասարդական կուսակցությունների ներկայացուցիչները:

Իշխանության վերնախավ ներթափանցած կրիմինալ տարրերի մասին փաստեր այսօր չհրապարակվեցին: «Մենք մտավորականների ֆորումում արդեն ինչ որ խոստացել ենք, բացահայտ ասելու ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում խոստացավ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: - «Ասելու ենք, թե ով ով է եղել եւ ինչի է տիրացել... Հանրապետության գլխավոր դատախազը կամ մեզ պետք է մեղադրի, կամ նրանցից պահանջի, թե որտեղից ստեղծվեց այդ հսկայական հարստությունը»:

Մարգարյանի խոսքերով, առավել կարեւոր հարցն այն է, որ «կրիմինալը երկրում թափանցել է իշխանական բուրգ եւ փորձում է հեղաշրջում իրականացնել մինչեւ 2007 թվականը»:

«Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհուրդը եւ Մտավորականների ֆորումի համակարգող խորհուրդը համատեղ նիստում ընդունել են հայտարարություն, որտեղ ընդհանուր գնահատականներ են տալիս երկրում ստեղծված իրավիճակին: «Երկիրը վերածվել է միջազգային կրիմինալի հենակետի: Այս ամենի ուղղակի պատասխանատուն հենց Ռոբերտ Քոչարյանն է», - պնդում են հայտարարության հեղինակները:

Գառնիկ Մարգարյանը անդրադարձավ նաեւ անցած շաբաթավերջին ռուսաստանցի քրեական հեղինակություններից Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկի) Երեւան գալու եւ նրան օդանավակայանում դիմավորելու մասին մամուլի հրապարակումներին եւ այդ կապակցությամբ ասաց. - «Եթե իրենք տասը ջիպով դիմավորում են Յապոնչիկին Հայաստանի օդանավակայանում, որտեղ մասնակցում է Ազգային ժողովի պատգամավոր եւ Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանը... Սա փաստ չէ՞ կլիմինալի մասին»:

Խորհրդակցության մասնակիցները որոշեցին մեկ անգամ եւս հավաքվել սեպտեմբերի 25-ին, ընդունել համատեղ հայտարարություն եւ սկսել կրիմինալի դեմ պայքարը:

Կրիմինալի եւ հակակրիմինալի վերաբերյալ խորհրդարանական քաղաքական ուժերի պատկերացումները տարբեր են: Հանրապետական կուսակցությանը կրիմինալի հետ կապելը եւ դրա շուրջ քննարկումները մինչեւ օրս չեն դադարում: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գտնում է, որ իրենց հասցեին հնչող նման որակումները «բնական» են, քանի որ «Հանրապետականն այսօր ամենակենսունակ ուժն է»:

Փոքր-ինչ այլ կարծիքի է ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը: «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է, բայց ես չեմ կարծում, որ` բացառիկ», - ասաց Դաշնակցության խորհրդանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը:

«Հակակրիմինալ շարժման» գաղափարը ընդունում է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի ղեկավար անդամ Մհեր Շահգելդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կուսակցությունը «պատրաստ է եւ հետեւողականորեն պայքարելու է այդ երեւույթի դեմ». - «Պայքարելու է այն բոլոր հնարավորություններով, որոնք ընձեռնվում են ընդդիմադիր քաղաքական ուժին... Փաստեր շատ շուտով կլինեն... Կլինեն քաղաքական ուժերի կողմից ներկայացված եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը իր ներդրումը այդ հարցում կունենա»:

«Արդարություն» խմբակցության ղեկավար եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կարծիքով` փաստեր «ինչքան ասես կան». - «Իսկ եթե ընտրությունները կեղծում են, դա կրիմինալ չէ՞»:


Կարինե Քալանթարյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG