Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավատացած է, որ Ռիչարդ Հոգլանդը բավարար քվեներ ունի Սենատում հաստատվելու համար


Մեկնաբանելով նախագահ Ջորջ Բուշի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածության սառեցումը Սենատում` ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Շոն ՄըքՔորմակը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում ասել է, թե Ռիչարդ Հոգլանդը բավարար թվով քվեներ ունի Սենատում հաստատվելու համար:

Պետքարտուղարության խոսնակը նաեւ ասել է, թե «այդ խնդիրը Սենատի խնդիրն է, եւ ցանկացած սենատոր իրավունք ունի սառեցնել Սենատի ցանկացած քայլ»:

«Մեր թեկնածուն արդեն հանձնախմբի կողմից առաջադրվել է Սենատին` հաստատման համար: Մենք կարծում ենք, որ նրա թեկնածությունը պետք է քվեարկության հնարավորություն ունենա: Մենք կարծում ենք, որ նա այդ հնարավորությունը պետք է ստանա, քանի որ Սենատում հաստատման համար անհրաժեշտ 51 քվեն նա կստանա: Եվ մենք հույս ունենք, որ Սենատը ընդառաջ կգնա այս հարցում», - հայտարարել է ՄըքՔորմակը:

Ամերիկայի հայկական կազմակերպությունները դիտարկում են այս դեպքը իբրեւ եւս մեկ հնարավորություն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի վարչակազմի վրա` փոխելու քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում:

«Սա եւս մեկ քայլ է Ցեղասպանությունը հաստատելու ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել էր Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: - «Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանությունը վերահաստատող եւ ճշմարտությունը բարձրաձայնող սենատորների աջակցությունը: Սա շարունակական պրոցես է: Մենք շարունակելու ենք սերտորեն աշխատել Սենատի մեր բարեկամների հետ համատեղ`հասնելու համար վստահությանը, որ Հայոց ցեղասպանությունը եւ պատմական փաստերը դեն չեն նետվելու»:

Երեքշաբթի օրը Նյու Ջերզի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը սառեցրել էր Բուշի վարչակազմի կողմից Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման քվեարկությունը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG