Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ադրբեջանական «Էխո» ինտերնետային թերթը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին սեպտեմբերի 12-ին` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, եւ սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, գրում է. - «Միջնորդների հետ Օսկանյանի եւ Մամեդյարովի բանակցություններից նախկինի պես որոշակի արդյունք չկա»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կողմերի դիրքորոշումների առնչությամբ ասել է. - «Ադրբեջանը չի ուզում, որ խնդիրը լուծվի, որովհետեւ կորցրել է մի տարածք, որը իրեն չի պատկանում, եւ պատրաստ է 150 տարի էլ սպասել՝ հույս ունենալով մի օր կորցրածը հետ բերել։ Ըստ այդմ՝ ամեն ինչ անում է՝ թույլ չտալու, որ այդ փաստը միջազգայնորեն ամրագրվի։ Ընդհանրապես կորցրածը «պահելը» ավելի հեշտ է, քան «վերցրածը» օրինականացնելը։ Այս առումով, Ադրբեջանի գործը ավելի դյուրին է», - պնդել է քաղաքագետը։

«168 ժամ» թերթի հարցազրույցում Կովկասի, Ասիայի եւ արտաքին քաղաքականության հարցերով վաշինգտոնյան վերլուծաբան Ռիչարդ իրակոսյանը իր տեսակետն է հայտնել գրավյալ տարածքներում հրդեհների թեմայի շուրջ վերջերս Ադրբեջանի կողմից հարուցված քննարկումների վերաբերյալ եւ հայտարարել, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ՄԱԿ-ում: «Իրականում այդ հրդեհների հարցը շատ թեթեւ հարց է: Ավելի կարեւոր է, որ Ադրբեջանն ուզում է հարցը մտցնել ՄԱԿ-ի ասպարեզ: Սակայն իրականում, եթե անդրադառնում ենք հրդեհներին, մենք էլ պետք է Նախիջեւանի հարցը (հուշարձանների, խաչքարերի եւ գերեզմանոցների հարցը) տանենք ՄԱԿ: Այլ կերպ ասած, եթե Արդբեջանը փորձում է այդպիսի հարց առաջ բերել, ապա այս ամենը չպետք է սահմանափակվի միայն այն հարցերով, որոնք իրենք են ընտրում», - կարծում է վերլուծաբանը:

«Անմեղ հաճույքներ» վերնագրի տակ «Առավոտ»-ի խմբագրականն այսօր փոխանցել է. - «Տեղական նշանակության օլիգարխները իրենց «քաղաքական» հավակնությունները սովորաբար արդարացնում են նրանով, որ նրանք բիզնես ունեն եւ, հետեւաբար, աշխատատեղեր են ստեղծել, ու միաժամանակ, հիշեցնում են, որ իրենք մեծ բարեգործներ են: Չնայած ակնհայտ է, որ բարեգործությունն այդպիսին կարելի է համարել, երբ բարեգործն իր բարի գործերի մասին լռում է, եւ երբ նա այդ գործերից ոչ մի օգուտ չունի: Հակառակ դեպքում դա ներդրում է... Հարյուր դոլար չվճարված (աղքատներից թալանված) հարկից նրանք մեկ դոլարը վերադարձնում են նույն աղքատներին որպես «բարեգործություն»: Այդ «աղաներն» ունեն ավազակախմբեր (թիկնազորներ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հաշվեհարդար տեսնել ցանկացած մարդու հետ, որի դեմքի արտահայտությունը «շեֆին» դուր չի գալիս»:

«Ժամանակ-Երեւան» թերթը, այսօր փոխանցելով, թե Աջափնյակի թաղապետի ընտրություններում ՀՀԿ խորհրդի անդամ, նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանի առաջադրվելու որոշումը մնում է ուժի մեջ, ենթադրել է, թե «այս հարցում ՀՀԿ խորհրդի հայտնի որոշումից բացի կան այլ՝ ետկուլիսային պայմանավորվածություններ, որոնք կարող են ի հայտ գալ ընտրությունների ժամանակ»։ Թերթը գրել է, թե «օրերս ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը շատ բարձր տրամադրությամբ դուրս է եկել նախագահական նստավայրից»։ Նույն աղբյուրի համաձայն, «Ռոբերտ Քոչարյանը խոստացել է հարազատ կուսակցությունից մերժված սիրագորով հայրիկին, որ Աջափնյակում սպասվելիք թաղապետի ընտրություններում պաշտպանելու է ՀՀԿ խմբակցության ղեկավարի որդուն՝ Արման Սահակյանին»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, թե երեկ ուշ երեկոյան Շահեն Հովասափյանի սպանության գործով իբրեւ կասկածյալ ձերբակալվել է հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 7-րդ բաժանմունքի ղեկավար Արմեն Վիրաբյանը: Թերթը գրել է, թե «Հովասափյանի սպանության հետ նրա առնչության մասին օպերատիվ աշխատողների մոտ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Հովասափյանի վարորդը սպանության նախորդ օրերից մեկը մինչեւ ուշ երեկո նրա հետ է անցկացրել»: Թերթը հավելել է նաեւ, որ «վերջին շրջանում իշխանության կուլիսներում խոսակցություններ են եղել Շահեն Հովասափյանին ՀՀ մաքսային պետական կոմիտեի ղեկավար նշանակելու հնարավորության մասին: Եվ, ըստ թերթի, սպանության քննարկվող վարկածներից մեկը հենց սա է»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, օգոստոսի 23-ից կալանքի տակ է Հայաստանի կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի գրանցման վարչության պետ Արմեն Զաքարյանը: Նա մեղադրվում է 11 միլիոն դրամ հափշտակելու եւ կեղծ փաստաթղթեր իրացնելու մեջ: Թերթի տեղեկություններով, նույն քրեական գործով հետախուզվող տասնյակ պաշտոնյաների մեջ է նաեւ Կենտրոն համայնքի ավագանու անդամ Արմեն Սահակյանը (Ծիտ մականունով): Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է նաեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովի աշխատակազմի հետազոտությունների եւ կիրարկման վարչության պետի տեղակալ Կարեն Հայրապետյանը, որի նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարված», - գրել է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG