Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Համանախագահները հստակ խնդիր են դրել վերսկսել բանակցությունները»


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Փարիզում երեկ եւ այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզային, Բեռնար Ֆասյեին եւ Յուրի Մերզլյակովին: «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում նախարարը որոշ մանրամասներ է փոխանցել:

«Համանախագահները հստակ խնդիր են դրել բանակցությունները վերսկսել», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Իրենք դեռ հավատում են, որ հնարավոր է մինչեւ այս տարվա վերջը կամ, ամենաուշը` մինչեւ մեր խորհրդարանական ընտրությունները ինչ-որ լրացուցիչ դրական տեղաշարժ արձանագրել: Դրա համար պետք է անպայման բանակցությունները վերսկսել»:

Արտգործնախարարի խոսքերով, համանախագահները աշխատում են, որպեսզի հնարավորին չափ շուտ կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպումը. - «Մյուս կողմից` լավ գիտակցում են, որ բավական խնդիրներ կան, խոչընդոտներ կան, որոնք պետք է հանել, վերացնել, որպեսզի կարողանանք առաջ գնալ: Այս երկու օրերի ընթացքում հիմնական շեշտադրումը դրա վրա էր»:

Օսկանյանի փոխանցմամբ, հիմնական խնդիրները երկուսն են` հստակեցնել, թե որոնք են հիմնական խնդիրները սկզբունքների շուրջ փաստաթղթում, «որպեսզի կարողանանք դրանց վրա կենտրոնանալ», եւ երկրորդը «այս բանակցությունների հունից շեղվելու խնդիրն է, որ Ադրբեջանը անընդհատ մեջտեղ է բերում` այլ ատյաններում ինչ-որ պրոցեսներ սկսելով»:

«Նաեւ խոսք է գնացել`շատ նախնական, ժամկետների առումով, թե երբ է հնարավոր անցկացնել նախարարների միջեւ հաջորդ հանդիպումը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը` շարունակելով. - «Հաջորդ հնարավոր վայրը, որտեղ երկուսս էլ լինելու ենք, դա Նյու Յորքն է: Երկուսս էլ լինելու ենք այնտեղ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին: Ես չեմ բացառում, որ, եթե համանախագահները այդպես որոշեն, եւ մենք համաձայնվենք, հնարավոր է Նյու Յորքում հանդիպում ունենալ: Բայց դեռեւս որեւէ կոնկրետիկա այս կապակցությամբ չկա»:

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության վերաբերյալ, թե հնարավոր է, որ նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը հանդիպեն Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի օրերին` գալիք հոկտեմբերի 17-ին, Վարդան Օսկանյանը ասաց. - «Դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը»: Նա ասաց, որ նախագահների հանդիպման մասին կարելի է խոսել միայն արտգործնախարարների հանդիպումից հետո. - «Նախագահների հանդիպումը պետք է տեղի ունենա միայն ու միայն այն դեպքում, երբ արդեն ավելի ռեալ հնարավորություններ լինեն` լրացուցիչ առաջընթաց արձանագրելու այդ գործընթացում»:

Հայաստանի արտգործնախարարը Փարիզում հանդիպումներ է ունեցել նաեւ Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ. - «Ես այսօր երկկողմ հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Դուստ-Բլազիի հետ` մեր համատեղ մամուլի ասուլիսից հետո, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց ու հրապարակվեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա ամբողջ ծրագիրը: Այն կսկսվի սեպտեմբերից Երեւանում` նախագահ Շիրակի այցելությամբ»:

Խոսելով նախագահ Ժակ Շիրակի` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին, Օսկանյանը ասաց, որ ֆրանսիական կողմը շուտով կհրապարակի այցի պաշտոնական ժամկետները. - «Այցը արդեն կազմակերպվում է, եւ մենք մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահին»:

Օսկանյանի փոխանցմամբ, Շիրակի հետ Հայաստան կժամանի բավական բազմանդամ պատվիրակություն` գործարարներ, նախարարներ, արվեստի գործիչներ, լրագրողներ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG