Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Մարտնչող անգրագիտություն» վերնագրի ներքո խմբագրականում «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանյան գործարարները, որպես կանոն, իրենց հաշիվ չեն տալիս, որ, չնայած բիզնեսի մեջ ունեցած հաջողություններին, իրենք բարձր ինտելեկտով չեն փայլում: Նրանք դա նորմալ են համարում եւ չեն փորձում շրջապատին ապացուցել, որ իրենք մտքի տիտաններ են: Այս իմաստով մյուսներից էականորեն տարբերվում է ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Ու սրա համար նա օգտագործում է Հայաստանի գյուղական դպրոցներում խիստ տարածված մեթոդը, օգտագործում է բառեր, որոնց իմաստը այնքան էլ լավ չի հասկանում, այն հույսով, որ ուրիշներն էլ իր վիճակում կլինեն, բայց իր չափ շուստրի չեն լինի, որ իրենց համար անհասկանալի բառերի հաճախակի կրկնումով տպավորություն գործեն մյուսների վրա»: Վերլուծելով գործարար պատգամավորի օգտագործած «անհասկանալի բառերը»` խմբագիրը եզրահանգում է. - «Մեր հանրապետության հիվանդությունները կբուժվեն միայն այն պարագայում, եթե մենք ի զորու լինենք մեր երկրի ապագայի վրա ազդելու հնարավորությունից այլոց շարքում զրկել նաեւ մարտնչող անգրագետներին»:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը, ներկայացնելով նախընտրական «ստատուս-քվոյի» վերաբերյալ իր տեսակետները, «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում պնդել է, թե «այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է սկզբունքորեն նոր իրավիճակ». - «Մի կողմից՝ բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների մի զգալի մասը փորձում է համատեղել ջանքերը՝ իշխանական լծակները եւ իշխանության վերնախավում ունեցած դիրքերը պահպանելու նպատակադրումով։ Մյուս կողմից, թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի համար տհաճ անակնկալ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ի հայտ գալը, ինչը նույնպես չի տեղավորվում հայաստանյան քաղաքական ավանդույթների շրջանակում»։

«Հայական ժամանակ»-ն այսօր իր աղբյուրներին հղում անելով փոխանցել է. - «Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի հետ նախօրեին «Զվարթնոցում» տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Երբ Էռնեկյանը Երեւանից մեկնելու համար պատրաստվելիս է եղել իր անձնական օդանավին հասնել, մաքսային գոտու հատման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է «Բերետտա» մակնիշի ատրճանակ: Ատրճանակը, սակայն, ոչ մի փաստաթուղթ չի ունեցել»: Բայց, ըստ թերթի, հետաքրքրական է, որ «այն եղել է ոսկեջրած ու վրան էլ ադամանդներով գրված է եղել` «Էդուարդո Էռնեկյանին` Գագիկ Ծառուկյանից»: Թերթը տեղեկացրել է, թե ապօրինի զենքի հայտնաբերման փաստի առիթով քրեական գործ չի հարուցվել, մի բան, որ պահանջվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

«ՀՀԿ-ն փաթաթել հնարավոր չէ» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ» թերթը ներկայացրել է հարցազրույց ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ. - «Սերժ Ազատիչ Սարգսյանը մեր պետության կառուցման հիմքերում կանգնած մարդ է եւ ունի մեծ վաստակ: Նա հրաշալի հասկանում է, թե ՀՀԿ-ն իրենից ինչ է ներկայացնում եւ ինչ կշիռ ունի: Ինչ վերաբերում է (ՀՀԿ-ն) գնելուն, ապա Հանրապետականը նյութական, շոշափելի բան չէ, կշռելու բան չէ, որ փաթաթեն ու գնեն: Հանրապետական կուսակցությունը չի վաճառվում, որպեսզի ինչ-որ մեկն էլ գա ու այն փաթեթով գնի», - ասել է Աշոտ Աղաբաբյանը:

«Ժամանակ-Երեւան» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, թե «օրերս Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է օլիգարխ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը եւ խնդրել թույլ չտալ Դավիթ Հարությունյանի եւ Վարդան Օսկանյանի անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին»։ Ըստ նույն աղբյուրների, Ծառուկյանի խնդրանքը բավարարվել է։ «Այդպիսով», գրում է թերթը, - «տակավին անհայտ է մնում Քոչարյանի անչափ սիրելի նախարարների քաղաքական ճակատագիրը»։

«Իրավունք»-ի խմբագիր Հովհաննես Գալաջյանը նույն թերթի թղթակցին ասել է, թե շաբաթ օրը Կոնսերվատորիային հարակից սրճարանի մոտերքում տեսել է իրեն ծեծի ենթարկած սափրագլուխներից մեկին. - «Նա կամ ստուգում էր իմ զգոնությունը, կամ ցանկանում էր ցույց տալ, որ բեսպրեդելն իրենց մոտ խիստ անսահմանափակ է, եւ անպատժելիությունը թույլ է տալիս օրը ցերկով կրկին որսի դուսր գալ»։ «Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ, մանավանդ, մեր թերթի խմբագրի՝ հանրությունից մեկուսացման չորս տարվա ֆոնին», շեշտել է «Ժամանակ-Երեւանը»։

«Չորրորդ իշխանություն» թերթը, շարադրելով անկախ լրատվամիջոցների դեմ բռնությունների սաստկացման սեփական վարկածը, այսօր գրել է. - «Բացատրությունը շատ պարզ է։ Մյուս բոլոր ոլորտները՝ պետական ապարատ, ուժային կառույցներ, տնտեսություն, կրթական համակարգ, մշակույթ եւ այլն, գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ, ընդդիմությունը պառակտված է եւ անվնաս, եւ միայն հատուկենտ լրատվամիջոցներն են, որ շարունակում են դիմադրել եւ չեն համաձայնվում «լեզու գտնել» իշխանությունների հետ։ Եվ դա իշխանությունների համար ահավոր «դիսկոմֆորտ» է ստեղծում»։

Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը «168 ժամ» թերթին այսօր փոխանցել է. - «Զավեշտալի է, սական այնպիսի բացասական երեւույթը, ինչպիսին արտագաղթն է, այսօր դարձել է Հայաստանը պահելու գլխավոր միջոցը»: Նախկին վարչապետը արտերկրում ապրող մեր հայրենակիցների ուղարկած փոխանցումները համարում է հայկական կապիտալ, որը պետք է ծառայեցնել ի շահ երկրի զարգացման, ոչ թե թողնել, որ սեփական արտադրողը վնաս կրի: «Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք ունենանք համապատասխան տնտեսական քաղաքականություն», - շեշտել է Բագրատյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG