Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննարկում է «հակակրիմինալ շարժման» ձեւավորումը


Երկուշաբթի օրը Հայաստանի մոտ մեկ տասնյակ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հավաքվել էին` քննարկելու երկրի քաղաքական կյանքում քրեական տարրերի «աճող» դերակատարության դեմ պայքարի միջոցները:

«Մենք տեսնում ենք, որ երկրում պրոցեսներ են գնում, որին կարելի է անվանել` կրիմինալը քաղաքականության մեջ սկսում է գլուխ բարձրացնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քննարկման մասնակիցներից «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: - «Կարծում եմ, որ հասարակության մեջ քաղաքական ուժերը պետք է սկսեն «հակակրիմինալ շարժման» ձեւավորումը»:

Հակակրիմինալ շարժում սկսելու գաղափարին կողմ էին խորհրդակցության բոլոր մասնակիցները, սակայն դեռեւս չկար հստակ պատկերացում, թե ինչպես եւ ինչ ճանապարհով է հնարավոր պայքար ծավալել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ` «երկրում շրջող կրիմինալի ուրվականի դեմ»:

Մոտ մեկ ժամ տեւած քննարկումներից հետո մասնակիցները որոշեցին անցկացնել խորհրդակցությունների շարք, որոնց արդյունքում կարող է ձեւավորվել «հակակրիմինալ կոալիցիա»:

«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի ձւեակերպմամբ` նման պարագայում լռելը «առնվազն հանցավոր արտարբերություն է»:

Մարգարյանի խոսքերով, մոտ օրերս հրավիրվելու է Մտավորականների 10-րդ ֆորումը, որի ընթացքում իրենք հրապարակելու են իշխանության տարբեր թեւեր ներթափանցած, դրանց հետ սերտաճած քրեական տարրերի մասին փաստեր ու ապացույցներ. - «Մենք ապացույցները կդնենք սեղանին»:

Խորհրդակցությունը կշարունակվի ուրբաթ օրը:

«Երկրում ստեղծված ամենաթողության մթնոլորտի» կապակցությամբ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը իր մտահոգությունը հայտնեց Ազգային ժողովի` այսօր բացված հերթական նստաշրջանի առաջին նիստում` առաջարկելով. - «Անհապաղ հրավիրել ուժային կառույցների ներկայացուցիչներին, ղեկավարներին` Ազգային ժողովի պատգամվորների հետ հրատապ քննարկելու այս իրավիճակը»:

«Որովհետեւ գործադիր իշխանությունը ուղղակի չի կատարում իր պարտականությունները», - փաստարկեց ընդդիմադիր պատգամավորը:

Կիսելով Արամ Սարգսյանի մտահոգությունը` խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը ասաց, որ այսօր դա իրականացնել հնարավոր չէ:

Իսկ նիստին ներկա Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանը ասաց, որ ոստիկանությունը նույնպես անհանգստացած է եւ «լուրջ միջոցառումներ է ձեռնարկում այդ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ», սակայն ավելացրեց. - «Ես այսօր չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին վատթար վիճակ կա: Ես կարծում եմ, որ հակառակը` Հայաստանում իրավիճակը վերահսկելի է: Բայց կան ծանր հանցագործությունները, որոնք եղել են նախկինում, այժմ էլ կան: Դրանք պետք է բացահայտել»:


Կարինե Քալանթարյան, Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG