Մատչելիության հղումներ

Պաշտոնավարման առաջին չորս ամիսներին Արամ Սիմոնյանի առաջին գործը եղել են կադրային փոփոխությունները եւ իրեն «համախոհներով» շրջապատելը: Նա արդեն աշխատանքից ազատել է երկու պրոռեկտորների, ռեկտորի երկու խորհրդականներին: Զանգվածային փոփոխություններ են կատարվել վարչական աշխատակիցների շրջանակներում: Մեծ թվով կրճատումներ են կատարվել սպասարկող անձնակազմում: Սիմոնյանը հայտարարեց, որ «բյուրոկրատական հաստիքներով ծանրաբեռնվածությունն այլեւս նպատակահարմար չէր»:

Փոխարենը, պետհամալսարանի ռեկտորը բացել է մեծ թվով նոր հաստիքներ եւ նշանակել «իր համախոհներին».

«Երբ գալիս է նոր ղեկավարություն, բնականաբար, իր շրջապատում, իր այսպես կոչված՝ թիմում պետք է տեսնի այն մարդկանց, որոնց հետ ինքը կարող է աշխատել: Այդ մարդիկ պետք է լինեն իր կողմից վստահված, ընդունելի համախոհներ», - նշեց Սիմոնյանը: - «Բացի այդ, ԵՊՀ ղեկավարությունը հիմնականում տարիքով բարձր էր, շուրջ կեսը 70-նն անց մարդիկ էին, եւ անհրաժեշտություն զգացվեց նաեւ այս տեսանկյունից թարմացնել ԵՊՀ ղեկավարությունը»:

Նորընտիր ռեկտորը հիմնել է գիտահետազոտական աշխատանքների, նախաբուհական կրթության, կրթական բարեփոխումների, հասարակայնության հետ կապերի եւ այլ վարչություններ: Դրանց մի մասը վստահել է ռեկտորի ընտրություններում մեծ դեր խաղացած ուսխորհրդի ներկայացուցիչներին:

Արամ Սիմոնյանն ի սկզբանե անհրաժեշտ է համարել բացել պրոռեկտորի նոր պաշտոն՝ հասարակայնության հետ կապերի գծով, եւ այդ պաշտոնում նշանակել բուհի տնտեսագիտության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Արսեն Քարամյանին: Այս նշանակումը մեծ զարմանք էր առաջացրել համալսարանականների շրջանակներում ոչ միայն այն պատճառով, որ համալսարանի պատմության մեջ առաջին անգամ ռեկտորի տեղակալ է նշանակվում ուսանողը (թեեւ սա Քարամյանի երկրորդ կրթությունն է), այլ հատկապես նրանով, որ այս պաշտոնում նշանակվում է գիտական կոչում չունեցող անձնավորություն: Արսեն Քարամյանը մինչեւ պրոռեկտոր նշանակվելը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օգնականն էր եւ, ըստ բուհական շրջանակների, մեծ դեր է խաղացել ռեկտորի պաշտոնում Հանրապետական կուսակցության անդամ Արամ Սիմոնյանի ընտրության գործում:

«Որեւէ մեկի ծառայությունները գնահատելու միտում չի եղել եւ չկա: Ինձ վրա ոչ ոք ճնշում չի գործադրել այս կամ այն մարդուն աշխատանքի վերցնելիս: Կադրերին ընտրելիս միակ արժեքը մասնագիտական կարողություններն էին ու պրոֆեսիոնալիզմը», - նշեց Արամ Սիմոնյանը:

Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ մտադրություն ունի իր երիտասարդ թիմակիցների հետ առաջին հերթին պայքարել կոռուպցիայի դեմ` չթաքցնելով, որ բուհում երեւույթը կա, եւ ինքը անընդհատ մտածում է այդ ուղղությամբ: Բայց քանի որ «մենք հայ ենք եւ մեր մենթալիտետն ուրիշ է», ապա կոնկրետ փաստեր բացահայտելը դժվար է: Իր պաշտոնավարման ընթացքում Սիմոնյանը առայժմ կոռուպցիայի որեւէ դեպք չի արձանագրել:

«Բանն այն է, որ այդ հարյուր օրվա ընթացքում երկուեւկես ամիսը եղել է արձակուրդ: Փակ համալսարանում ի՞նչ կոռուպցիայի մասին ենք խոսում: Պահակը հո կոռուպցիա չէ՞ր անի», - նշեց Ա.Սիմոնյանը:

Հարցին, թե արդյոք ընդունելության քննությունների կոռուպցիոն երեւույթները բուհից անկախ են եղել, ԵՊՀ ռեկտորը արձագանքեց. - «Ռեկտորների հոգսը քննությունների ժամանակ դա չի եղել»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG