Մատչելիության հղումներ

Ռենե վան դեր Լինդեն. «ԵԽԽՎ-ն չի աջակցում Մերձդնեստրի հանրաքվեին»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը ադրբեջանական «Թրենդ» գործակալության բացառիկ հարցազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրում կայանալիք անկախության հանրաքվեին` նշելով, թե «ԵԽԽՎ-ն չի ճանաչելու այն»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում նման գործընթացներին չճանաչված հանրապետություններում` Հարավային Օսիայում, Աբխազիայում, Մերձդնեստրում եւ Լեռնային Ղարաբաղում, եւ արդյո՞ք դա վտանգ չի ներկայացնում Եվրոպայի համար, Ռենե վան դեր Լինդենը պատասխանել է. - «ԵԽԽՎ-ն չի ճանաչի այդ [Մերձդնեստրի] հանրաքվեն: Մենք չենք հետեւելու դրա ընթացքին»:

«Մերձդնեստրի հակամարտությունը մեկն է «սառեցված» հակամարտություններից, եւ այդ տարածաշրջանը հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ բոլոր միջազգային կազմակերպությունների համար, ներառյալ՝ Եվրախորհուրդը», - շարունակել է Ռենե վան դեր Լինդենը եւ հավելել. - «Մենք պետք է համագործակցենք՝ վերջնական կարգավորման հասնելու համար: Բայց ամեն դեպքում, մենք չենք աջակցում Մերձդնեստրի հանրաքվեին՝ որպես անկախության հասնելու միջոցի»:

Իսկ ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը Ցխինվալիից հաղորդում է, որ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետություն ղեկավար Էդուարդ Կոկոյտին այսօր ստորագրել է հրամանագիր նոյեմբերի 12-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG