Մատչելիության հղումներ

«Նյու Յորք լայֆ ինշուրանս»-ը այսօրվանից սկսում է վճարել ապահովագրական գումարները


Այսօրվանից «Նյու Յորք լայֆ ինշուրանս» (New York Life Insurance Co.) ընկերությունը կսկսի վճարել գումարները Ցեղասպանության տարիներին ընկերությունում ապահովագրված անձանց ժառանգներին:

«Դատավորը այսօր հրահանգ է տալու, որ շուրջ 3,5 հազար մարդ ստանան իրենց գումարները: Մարդիկ այսքան սպասել են, սակայն կուզեի նշել, որ հանձնախումբը իր գործն է անում՝ ուսումնասիրվել են 5600 անկետաներ, թարգմանություններ պետք է արվեին ռուսերենից, հայերենից, թուրքերենից, արաբերենից: Մինչեւ սեպտեմբերի վերջը կամ հոկտեմբերի սկիզբը նաեւ Հայաստանում բնակվող Ցեղասպանության զոհերի ժառանգները կստանան իրենց գումարները», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հավաքական շահերը ներկայացնող փաստաբաններից Վարդգես Եղիայանը:

«Մոտավորապես 1600-1700 դիմում ենք ստացել Հայաստանից, նույնքան՝ Միացյալ Նահանգներից: Շուրջ 500 դիմում կար Եվրոպայից: Երկրներ կային, որտեղից մեկ դիմում էր ստացվել՝ Հարավային Աֆրիկա, Կիպրոս», - տեղեկացրեց Վարդգես Եղիայանը:

Ընթացքի մեջ է ֆրանսիական AXA ապահովագրական ընկերության գործը: Նախապատրաստվում է հատուկ ինտերնետային էջ, որտեղ կհրապարակվեն այն մարդկանց անունները, ովքեր ժամանակին ապահովագրվել էին AXA ընկերությունում:

Երկուշաբթի օրը փաստաբանները ներկայանալու են դատարան` գերմանական Deutche Bank-ի գործով: Դրանից հետո կան այլ՝ ֆրանսիական եւ անգլիական ապահովագրական ընկերություններից գումարները ստանալուն ուղղված աշխատանքներ:

«Այս գործընթացը անպայման շարունակվելու է», - եզրափակեց Վարդգես Եղիայանը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG