Մատչելիության հղումներ

Վախճանվել է Արկադի Վոլսկին


Շաբաթ օրը երկարատեւ ծանր հիվանդությունից հետո 74 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության հիմնադիր ու պատվավոր նախագահ Արկադի Վոլսկին:

«Ինտերֆաքսը»-ը հիշեցնում է, որ 1988 թվականին Վոլսկին նշանակվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում: 1989 թվականի հունվարին նա նշանակվել է ԼՂԻՄ-ի հատուկ կառավարման կոմիտեի նախագահ: 1989 թվականի գարնանը Ստեփանակերտի տարածքային ընտրական օկրուգից ընտրվել է Խորհրդային Միության ժողպատգամավոր:

«Վոլսկու մահը ծանր կորուստ է ոչ միայն Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության, այլեւ երկրի գործարար եւ քաղաքական համայնքի համար: Նա միշտ զբաղվել է հրատապ պետական հարցերով: Երկրի ղեկավարության հանձնարարությամբ մասնակցել է ճգնաժամային վիճակների կարգավորմամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում եւ Չեչնիայում», - «Ինտերֆաքսը»-ին ասել է Ռուսաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության ներկայիս նախագահ Ալեքսանդր Շոխինը:

Արկադի Վոլսկու մահվան կապակցությամբ այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ցավակցական հեռագիր է հղել:
Ալեքսանդր Շոխինին հասցեագրված հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Հայտնի պետական եւ հասարակական գործիչ Արկադի Իվանի Վոլսկին եղել է հայ-ռուսական գործարար համագործակցության զարգացման ակտիվ կողմնակիցը եւ նախաձեռնողը մի շարք համատեղ ծրագրերի ու նախագծերի: Նա նաեւ անմիջական մասնակցություն է ունեցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում... Խնդրում եմ հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին կարեկցություն հայտնել Արկադի Վոլսկու հարազատներին եւ մտերիմներին»:



Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG