Մատչելիության հղումներ

Այսօր ամերիկացիները նշում են սեպտեմբեր 11-ի աննախադեպ ահաբեկչության 5-րդ տարելիցը: Առավոտյան 8-ն անց 46-ին ամբողջ երկիրը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցելու զոհերի հիշատակին. 5 տարի առաջ հենց այդ պահին առաջին օդանավը բախվեց Առեւտրի համաշխարհային կենտրոնի հյուսիսային երկնաքերին: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց Ուսամա Բեն Լադենի «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցը:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր Նյու 3որքում հանդիպելու է փրկարարների հետ, որոնք սեպտեմբերի 11-ին աշխատել են աղետի վայրում, ապա նախագահը հատուկ ուղերձով կդիմի հայրենակիցներին: Նյու 3որքից վերադառնալով Վաշինգտոն՝ Բուշը կայցելի Պենտագոն, որի մի հատվածն ավերվել էր, երբ մահապարտ-ահաբեկիչները օդանավն ուղղել էին պաշտպանության նախարարության շենքի վրա: Բուշը կայցելի նաեւ Փենսիլվանիա նահանգ, որտեղ Շենքվիլ ավանի մոտ վայր էր ընկել ահաբեկիչների գրաված 4-րդ օդանավը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին զոհվել է 2992 մարդ, այդ թվում՝ օդանավերը գրաված բոլոր 19-ը մահապարտ-ահաբեկիչները: Նյու 3որքում Առեւտրի համաշխարհային կենտրոնի տեղում մինչեւ 2013 թվականը կառուցելու են Ազատության աշտարակը: Ենթադրվում է, որ դա կլինի մոլորակի ամենաբարձր կառույցը:

Սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները ռազմական գործողություններ սկսեցին Աֆղանստանում եւ Իրաքում: Այնուամենայնիվ, Ուսամա Բեն Լադենին տակավին չեն ձերբակալել կամ ոչնչացրել, մարտական գործողությունները Աֆղանստանում եւ Իրաքում շարունակվում են: Սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկիչները մի շարք գործողություններ են իրականացրել աշխարհի տարբեր երկրներում: Զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Անցած 5 տարում ամերիկացիներից շատերը սկսել են քննադատել Սպիտակ տան քաղաքականությունը: Ամերիկյան ABC հեռուստաընկերության անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, տվյալ պահին Բուշին սատարում է ամերիկացիների 42 տոկոսը, մայիսին վիճակն է'լ ավելի ծանր էր՝ ընդամենը 33 տոկոսն էր սատարում նախագահին: CNN-ի համաձայն, ամերիկացիների 53 տոկոսը համոզված է, որ իրաքյան գործողությունները կապ չունեն ահաբեկչության դեմ պատերազմի հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG