Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի երեկոյան ընդունեց դեռեւս օգոստոսի սկզբին Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը, որը կոչ է անում ՄԱԿ-ին՝ «անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքներում հրդեհների վնասները վերացնելու ուղղությամբ»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Հայաստանն իրեն սահմազատել է բանաձեւից, որն ընդունվել է առանց քվեարկության՝ մտահոգություն հայտնելով բանաձեւի վերնագրի վերաբերյալ: ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նշել է, թե «չնայած ինքը կողմ է բանաձեւի բովանդակությանը, սակայն լուրջ առարկություններ ունի վերնագրի առնչությամբ եւ դեմ է Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարց ՄԱԿ-ում քննարկելուն»:

Բանաձեւը շեշտում է «տուժած տարածքներում հրդեհները մարելու եւ նրանց վնասարար հետեւանքները հաղթահարելու նպատակով շտապ բնապահպանական գործողություն իրականացնելու անհրաժեշտությունը»:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նկատի է առնում ԵԱՀԿ մտադրությունը՝ կազմակերպելու առաքելության առաքում տարածաշրջան՝ հրդեհների կարճաժամկետ ու երկարաժամկետ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու նպատակով, որպես քայլ ուղղված բնապահպանական գործողության նախապատրաստմանը եւ խնդրում է ԵԱՀԿ գործող նախագահին զեկույց ներկայացնել այս հարցի վերաբերյալ Գլխավոր ասամբլեայի անդամ երկրներին՝ մինչեւ 2007 թվականի ապրիլի 30-ը», - ըստ, արտգործնախարարության տարածած հայտարարության, ասված է բանաձեւում:

Բանաձեւի ընդունումից հետո ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը ափսոսանք է հայտնել Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ՝ նշելով, թե «բանաձեւի բովանդակության շուրջ Հայաստանի դիվանագետների հետ քննարկումները տեւել են 2 օր»: «Սա առնվազն ազնիվ եւ պատշաճ բանաձեւ է», - ասել է ադրբեջանցի դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG