Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգների սենատի հանձնաժողովը վավերացրեց Հոգլանդի թեկնածությունը


Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մոտ 45 րոպե տեւած բավական սուր քննարկումներից հետո, 13 կողմ եւ 5 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը:

Սենատորներից ոմանք, թեեւ ընդգծեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարեւորությունը եւ շեշտեցին, որ Հոգլանդը չի արտասանել «ցեղասպանություն» բառը, ասացին, այդուհանդերձ, որ կողմ են քվեարկելու թեկնածությանը, քանի որ գտնում են, որ «այս պահին շատ կարեւոր է ռազմավարական կարեւոր դիրքում գտնվող Հայաստանում դեսպան ունենալը»։

Սենատոր Ալենը իր ելույթում ասաց, որ ամբողջովին դեմ է վարչակազմի բռնած դիրքին, եւ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու:

Ավելի խիստ էր Կալիֆորնիայից ընտրված սենատոր Բարբարա Բոքսերի ելույթը։ «Հոգլանդին չհաստատելու ճանապարհով վարչկազմին խիստ ազդանշան ուղարկելու ժամանակն է», - ասաց նա։ - «Ես նրա թեկնածությանը չեմ ասի այո, քանի դեռ նա չի արտասանել «ցեղասպանություն» բառը»:

Սենատոր Քոլմենը կտրուկ կերպով ասաց, թե դեմ է, որ Ցեղասպանություն բառը չարտասանող որեւէ դիվանագետ դառնա Հայաստանում դեսպան, ինչպես չի կարող հրեական Ողջակիզումը չճանաչող որեւէ մեկը ստանձնել նման պաշտոն Իսրայելում։

Ակնարկվեց նաեւ փաստը, որ Հայաստանի կառավարությունը որեւէ կերպ դեմ չի արտահայտվել Հոգլանդի թեկնածությանը եւ հանդես չի եկել վերապահություններով։ «Ուրեմն, կարելի է սպասել, որ Հոգլանդի աշխատանքն այնտեղ արդյունավետ կլինի», - ասաց սենատորներից մեկը։

Թրքամետ միակ ելույթով հանդես եկավ սենատոր Ջորջ Վայնովիչը, որը Թուրքիան ԱՄՆ-ի համար կարեւոր դաշնակից համարելով, նշեց այդ պետությանը չնեղացելու «կարեւորությունը»։


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG