Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը սեպտեմբերի 12-ին Փարիզում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Արտգործնախարարը տվել է համաձայնություն`առաջնորդվելով հրավերի ֆորմատից, որը ներկայացրել են եռանախագահողները», - ասաց Կարապետյանը:

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի նախագիծը, որը դեռեւս օգոստոսի սկզբին ներկայացրել էր Ադրբեջանը եւ որի շուրջ բանակցում էին հայ եւ ադրբեջանցի դիվանագետները:

Նախագծի առանցքային հարցը գրավյալ տարածքներում տեղ գտած հրդեհներն են: Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բանակցությունները գրեթե ավարտվել են:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած քննարկումների արդյունքում կարծես թե եկել ենք պայմանավորվածության մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որի բովանդակությունը արդեն ընդունելի է հայկական կողմի համար», - ասաց Կարապետյանը:

Վլադիմիր Կարապետյանի փոխանցմամբ, բանաձեւի նախագծի քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի` երբ Երեւանում արդեն ուշ գիշեր կլինի:

«Բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ այդ բանաձեւի նախագիծը որպես առանցք գրանցի ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ-ի առաքելությանը, որը պետք է ժամանի տարածաշրջան եւ տա իր գնահատականը», - հավելեց Կարապետյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG