Մատչելիության հղումներ

Այսօր ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կրկին քննարկելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը վավերացնելու հարցը:

Ամերիկայի հայկական համագումարից «Ազատություն» ռադիոկայանին որոշ մանրամասներ փոխանցեցին Հոգլանդի հարցով սենատոր Ջոզեֆ Բայդենին ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից օրերս հղած նամակից:

Հունիսի 23-ին սենատոր Բայդենը նամակով դիմել էր պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին: Նամակում բարձրացված էր նաեւ Ջոն Էվանսի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործման հարցը:

«Չնայած Պետդեպարտամենտի աշխատակիցներին, այդ թվում՝ դեսպաններին, խրախուսում ենք Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունների ու բռնի աքսորի մասին ձեռք բերել տեղեկություններ տարբեր աղբյուրներից, Պետդեպարտամենտը, այդ թվում՝ դեսպանները, այդ իրադարձությունների հարցում կողմնորոշվում են ամեն տարի ապրիլի 24-ին նախագահի հայտարարությամբ», - ասված է նամակում: - «Ամեն տարի նախագահի ապրիլի 24-ի հայտարարությունը ընդգծում է այդ ժամանակաշրջանի ահավոր դեպքերը մեր կողմից ճանաչելու հանգամանքը, եւ այդ հայտարարությամբ ԱՄՆ-ը իրեն հեռու է պահում նրանցից, ովքեր հերքում են բռնությունները»:

Պետդեպարտամենտի նամակում ասված է նաեւ, թե «ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնված չէ Թուրքիայի նկատմամբ հարգալի վերաբերմունք ցույց տալու ցանկությունների վրա»:

«ԱՄՆ-ի նախագահը իր դիրքորոշմամբ կոչ է անում Թուրքիային՝ վերանայել իր անցյալի սարսափելի էջերը բարոյական ավելի մեծ հստակությամբ: Արդար ինքնադիտողությունը եւ ցավոտ անցյալը ճանաչելը այդ դժվարություններին զոհ գնացածների նկատմամբ կլինի արդարացի մոտեցում», - նշվում է պետքարտուղարության նամակում:

Սենատոր Բայդենին Պետդեպարտամենտի կողմից հղված նամակը ավարտվում է հիշեցումով, որ Հայաստանի կառավարությունը ընդունել է Հոգլանդին Հայաստանում նոր դեսպանի պաշտոնում նշանակելու՝ նախագահ Բուշի առաջարկը, եւ որեւէ առարկություն չի ներկայացրել:

Հոգլանդի թեկնածությունը մայիսին առաջադրել էր Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը: Հոգլանդը պետք է փոխարինի ներկայիս դեսպան Ջոն Էվանսին, որի հետկանչի հանգամանքը քաղաքական շրջանակներում կապում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայանպաստ մեկնաբանության հետ:

Հուլիսին Ռիչարդ Հոգլանդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արդեն պատասխանել էր օրենսդիրների հարցերին, եւ ասելով, որ իրականացնելու է ԱՄՆ-ի քաղաքականությունը, փաստորեն, նկատել է տվել, որ հակված չէ 1915 թվականի ջարդերը անվանել ցեղասպանություն:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG