Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը գրում է. - «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ պատգամավորների հետ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դաշնակցականները Ռոբերտ Քոչարյանի հետ Ընտրական օրենսգրքի շուրջ եկել են փոխհամաձայնության: Նրանք խոստացել են Ընտրական օրենսգրքի առաջիկա քննարկումների ժամանակ հրաժարվել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու պնդումներից, եթե երկրի ղեկավարը երաշխավորի, որ մեծամասնական ընտրակարգով թույլ կտան մի քանի դաշնակցական ընտրվի»:

Շարադրելով Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության սեփական վարկածը` «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, մասնավորապես, գրել է. - «Հովասափյանի սպանությունը պետք է դիտարկել որպես Հայաստանում իշխող ղարաբաղյան կլանի տրոհման հետեւանք», երբ Ռոբերտ Քոչարյանը «որոշեց խաղադրույք անել նոր ձեւավորվող ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի վրա, իսկ Սերժ Սարգսյանը ընտրեց Հանրապետականն իրեն վերցնելու ճանապարհը»։ «Ինքը, Հովասափյանը, ղարաբաղյան կլանի առանցքային ներկայացուցիչներից էր եւ Հայաստանում բարձր պաշտոններ էր ստացել կլանի շնորհիվ», - գրել է խմբագիրն ու շեշտադրել. - «Հարկային պետական ծառայությունը եւ Հովասափյանի ղեկավարած վարչությունը առանցքային դերակատարում են ունենալու ներկլանային պայքարում... Եվ ահա, վճռական պահին հարկային ծառայությունը կարող է լրիվ օրինական հիմքերով սնանկացնել կողմերից յուրաքանչյուրին, որովհետեւ կլանի առանցքային դեմքերը հարկեր չեն վճարում ուղղակի բացահայտ կերպով։ Ու այս իմաստով խիստ կարեւոր է, թե ո՞ւմ վերահսկողության տակ կլինի հարկայինը եւ ո՞ւմ կհարեն նրա առանձին պաշտոնյաները»։

«Կրիմինալն անցել է հարձակման» վերնագրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանն այսօր արձանագրել է. - «Մեծ է հավանականությունը, որ այս պատվիրված սպանությունը եւս չի բացահայտվի»։ «Արդյոք կրիմինալը գերադաս դի՞րք է ընդունում մեր իրավապահ մարմինների հանդեպ եւ մեր իրավապահ համակարգը հաճախ իր կողմից մատնանշվող «օպերատիվ» տվյալները չի՞ կարողանում իրականացնել». իր բարձրացրած հարցերին մեկնաբանը պատասխանում է. - «Եթե այդպիսի օպերատիվ տվյալներ չկան, ուրեմն մեր իրավապահ համակարգը պարզապես որակավորման բարձրացման խնդիր ունի... Իսկ նորմալ երկրում իրար հետեւից իրականացված այսքան սպանություններից հետո առնվազն ոստիկանապետին փոխում են»։

Իր հերթին «Հայոց Աշխարհ»-ը, Բայրոնի 3 հասցեում կատարված սպանության իր վարկածները առաջադրելով, մասնավորապես, գրել է. - «Տեղեկություններ կան, որ որոշ խոշոր հարկ վճարողներ, որոնք նախկինում իրենց ծավալած գործունեությանն ակնհայտորեն անհամարժեք հարկեր էին մուծում, վերջին շրջանում սկսել են ինչ-որ չափով ավելացնել իրենց կողմից վճարվող այդ գումարները, ինչը, այնքան էլ սիրահոժար չեն անում, եւ դժվար թե տեղից շարժվեին, եթե չլինեին Հարկային պետական ծառայության հիշյալ վարչության եւ անձամբ Հովասափյանի ջանքերը»։ Թերթի մյուս վարկածի համաձայն, Հովասափյանը «դուրս է եկել հարկային մի խոշոր հանցագործության հետքի վրա, կամ տեղեկացել է այդ մասին, ինչին տրամաբանորեն հետեւելու էր դրա վերջնական բացահայտումը, հիմնավորումն ու պատասխանատվության պահը»։ «Ըստ այդմ, հենց դրանից զգուշանալով է հանցագործը որոշել սպանել վարչության պետին», - գրել է թերթը։

«Իրավունք»-ի խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ անհայտ սափրագլուխների կիրառած բռնությանն արձագանքելով Առավոտի գլխավոր խմբագիրն այսօր արձանագրել է. - «Հավատալով մարդկային բանականությանը, չեմ կարծում, որ Հովհաննես Գալաջյանի վրա հարձակումը պատվիրվել է «ամենավերեւից»: Սակայն դրանով հանդերձ, մենք բոլոր հիմքերն ունենք այդ բռնության համար մեղադրել հենց իշխանություններին: Որովհետեւ 2005-ի մայիսի 5-ին լրագրողների վրա հարձակված Բանգլադեշի Համոն, ինչպես նաեւ Ծաղկաձորում «Ալրաղացի Լյովիկի» ամառանոցի պահապանը ստացել են խորհրդանշական պատիժներ: Որովհետեւ Շամշյան Գագիկի հանդեպ բռնություն կիրառած Նուբարաշենի թաղապետի շրջապատին հաջողվել է լրագրողի դեմ «հակընդդեմ գործ» թխել: Որովհետեւ այդպիսին է մեր երկրի «դրվածքը»:

«168 ժամ»ի տեղեկություններով, Հանրապետական կուսակցության քաղխորհրդում արդեն քննարկվում են 2007 թվականի ԱԺ ընտրություների որոշ մանրամասներ։ Ըստ թերթի խորհուրդը անգամ քննարկել է այն հարցը, թե ով է լինելու ՀՀԿ նախընտրական շտաբի պետը։ Որպես հավանական թեկնածու, ըստ նույն աղբյուրի, ՀՀԿ-ում քննարկվել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հարցը, որին կարծես դեմ արտահայտվող չի եղել։ Թերթը հիշեցրել է, որ 2003ին ՀՀԿ նախընտրական շտաբի պետը Գալուստ Սահակյան էր, ում այսօր առավել հետաքրքիր են ոչ թե 2007-ի խորհրդարանական, այլ հոկտեմբերի 29-ին Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրությունները։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG