Մատչելիության հղումներ

Բիզնես-միջավայրի առումով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում


Համաշխարհային Բանկը հրապարակել է հերթական տարեկան զեկույցը՝ Doing Business 2007, որում գնահատվում եւ համեմատվում են աշխարհի 175 երկրներում բիզնես-միջավայրը բնութագրող 10 հիմնական ցուցանիշները:

Ընդհանրացված գնահատականով, որը հաշվի է առնում ձեռնարկությունների գրանցման պարզությունը, հարկային ոլորտի եւ այլ երկրների հետ առեւտրային հարաբերությունները կանոնակարգող օրեսնդրությունը, ԱՊՀ երկրներից առաջատարները Հայաստանն ու Վրաստանն են, որոնք, զբաղեցնելով համապատասխանաբար 34-րդ եւ 37 րդ տեղերը, առաջ են անցել անգամ Եվրամիության անդամներ Իսպանիայից, Պորտուգալիայից եւ Չեխիայից: Հայաստանին զիջում է անգամ Ֆրանսիան:

Զեկույցի հեղինակների գնահատմամբ, իրականացվող տնտեսական բարեփոխումների առումով, Վրաստանը համարվում է աշխարհի ամենաառաջատար երկիրը: Իսկ Հայաստանը աշխարհի առաջատարն է գույքի գրանցման պարզության առումով: Դրա համար միջին հաշվով պահանջվում է ընդամենը 4 օր: Համեմատության համար նշվում է Բելառուսը, որտեղ գույքի գրանցումը տեւում է 231 օր:

Անշուշտ, սա չի նշանակում, թե աշխարհի խոշորագույն ներդրողներն այժմ գլուխը կոտրելով պետք է դուրս գան եվրոպական շուկաներից եւ շտապեն Հայաստան կամ Վրաստան: Սակայն բուն փաստը վկայում է, որ այդ երկրները, պարզեցնելով առեւտրատնտեսական հարաբերությունների ու գործառույթների կարգը, կարող են զարգացման ավելի լավ ցուցանիշներ ունենալ:

Վրաստանի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում այդ երկիրը չափազանց պարզեցրել է ձեռնարկություն գրանցելու կարգը, բացի այդ, դրա համար պահանջվում է ավելի փոքր նախնական կապիտալ: Իսկ ապրանքի արտահանման համար մաքսային բոլոր գործառույթները պահանջում են ընդամենը 13 օր՝ նախկին 54-ի փոխարեն:

Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ, բիզնեսով զբաղվելու համար ամենանպաստավոր պայմանները ստեղծված են Սինգապուրում, երկրորդը՝ Նոր Զելանդիան է, ապա՝ ԱՄՆ-ը:
Նախկին խորհրդային հանրապետություններից ամենալավ վիճակը Լիտվայում եւ Էստոնիայում է` համապատասխանաբար 17-րդ եւ 18-րդ տեղերը:

ԱՊՀ երկրներից առաջատարը Հայաստանն է, որն այս տարի հայտնվել է 34-րդ տեղում, իսկ անցյալ տարի 37-րդն էր: Վրաստանը շատ տպավորիչ թռիչք է գործել` բարձրանալով 112-ից մինչեւ 37-րդ տեղը:

Հայաստանի մյուս հարեւաններից Թուրքիան 91-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 99-րդ, Իրանը՝ 119-րդ: Ռուսաստանը ընդհանուր ցուցիչով 96-րդ տեղում է: Իսկ վերջին՝ 175-րդ տեղը զբաղեցնում է Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG