Մատչելիության հղումներ

Սպանվել է Հարկային ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետը


Այսօր առավոտյան 9:30-ի սահմաններում Բայրոնի փողոցի սկզբնամասում ահաբեկչության զոհ է դարձել ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վաչության պետ Շահեն Հովասափյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին դեպքի վայրում գտնվող Ոստիկանության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները, պայթեցվել է Շահեն Հովասափյանի ծառայողական «ԳԱԶ-3110» ավտոմեքենան, ինչի հետեւանքով Հովասափյանը տեղում մահացել է, իսկ նրա վարորդ Անդրանիկ Չարչյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ այժմ հարցաքննվում է: Մեքենայում է եղել նաեւ Հովասափյանի որդին՝ Գրիգորը, որը չի տուժել:

Դեպքի վայր են ժամանել գլխավոր դատախազության, ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները: Գլխավոր դատախազությունը փաստի առիթով հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն: Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են դատախազության, ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության փորձառու աշխատակիցները, կատարվում է նախաքննություն:

Նախաքննությամբ պարզվել է, որ պայթուցիկ սարքը մագնիսով ամրացված է եղել դրսից, առջեւի ուղեւորի նստատեղի տակ:

Շահեն Հովասափյանը ծնունդով շահումյանցի է, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, եղել է Շահեն Մեղրյանի տեղակալը: Մինչեւ Հարկային տեսչությունում աշխատանքի անցնելը Հովասափյանը ղեկավարել է «Գոշ գազ» ընկերությունը:

Դեպքի առնչությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավապահ մարմիններին խիստ հանձնարարականներ է տվել ձեռնարկելու բոլոր միջոցները՝ հանցագործությունը հնարավորին արագ բացահայտելու համար:

«Ռոբերտ Քոչարյանը իր ցավակցությունն է հայտնում Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանի հարազատներին: Հանցավոր գործելաոճը, որն ուղղված է պետության կողմից հարկային վարչարարության խստացման եւ բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու գործադրվող ջանքերի դեմ, խստիվ դատապարտելի է եւ չի կարող փոխել պետության նպատակաուղղված քաղաքականությունը այդ ոլորտում», - ասված է նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի տարածած հաղորդագրության մեջ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG