Մատչելիության հղումներ

logo-print

Վալիախմետովը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքը


Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր սկսվեց Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ թաթար Ռուստեմ Վալիախմետովի դատավարությունը: Սակայն դատավոր Պետրոսյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 18-ը, քանի որ ամբաստանյալը հայտարարեց, թե ուզում է, որ իր շահերը փաստաբանը պաշտպանի:

Վալիախմետովը հայտարարեց նաեւ, որ լրտեսությամբ չի զբաղվել, որովհետեւ «Հայաստանը իր երկրորդ հայրենիքն է, որի համար արյուն է թափել եւ ինքը մինչեւ վերջ պաշտպանելու է իր իրավունքները` հույսով, որ դատարանում կպարզվի իրականությունը»:

48-ամյա Ռուստեմ Վալիախմետովը այսօր դատարանում ներկայացնելով իր կենսագրությունը, ասաց, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ թաթար է, ապրում է Մոսկվայում, ամուսնացած է, ունի երկու երեխա: Ծառայել է ռուսական բանակում, մինչեւ 1992 թվականը` ադրբեջանական, իսկ 1992-1994 թվականներին` հայկական զինված ուժերում:

Նախաքննության սկզբում, մինչդեռ, ամբաստանյալն իրեն մեղավոր ճանաչել էր: Հետո հրաժարվել է ցուցմունքներից: Այսօր դատարանում նա հայտարարեց, թե պահանջում է, որ դատական նիստերը բաց անցկացվեն, որ լրատվամիջոցներից եւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից ներկայացուցիչներ հրավիրվեն, որ բժշկական զննության ենթարկեն իրեն, որովհետեւ նախաքննության ընթացքում իրենից ցուցմունքներ են կորզվել «հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների միջոցով»:

Վալիախմետովը նաեւ բողոքեց, որ 10 ամսվա ընթացքում իրեն հնարավորություն չի տրվել կապ հաստատել հարազատների ու մերձավորների հետ:

Ըստ քրեական գործի, Վալիախմետովն աշխատել է միայնակ, Հայաստանում լրտեսություն կատարելու հանձնարարություն է ստացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ: Վերջին անգամ Հայաստան է եկել Մոսկվայից, որտեղ ապրել է իր մահացած մոր բնակարանում: Հայաստանում հավաքել է պետական գաղտնիք պարունակող նյութեր, պրոֆեսիոնալ տեխնիկայով կատարել է լուսանկարահանումներ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG