Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը սակագների վերաբալանսավորման հայտ է ներկայացրել


«ԱրմենՏել»-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայի պայմանների համաձայն, ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի, սկսած 2005 թվականից, սակագների վերաբալանսավորման վերաբերյալ հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Վերաբալանսավորումը, «ԱրմենՏել»-ի քաղաքականության եւ կարգավորման հարցերով տնօրեն Հայկ Ֆարամազյանի ներկայացմամբ, նշանակում է ինքնարժեքի վրա հիմնված սակագներ:

«Ներկա պահին «ԱրմենՏել»-ի սակագները դեռեւս վերաբալանսավորված չեն: Այսինքն` բաժանորդային վարձը եւ տեղական զանգերի սակագները ինքնարժեքից ցածր են սահմանված, իսկ միջազգային եւ միջքաղաքային սակագները` ինքնարժեքից ավելի բարձր», - ասաց Ֆարամազյանը` հավելելով, որ վերաբալանսավորումը նպատակ ունի ազատականացնել հեռախոսակապի շուկան, որպեսզի հնարավոր լինի նոր օպերատորների մուտքը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված հայտում, ինչպես տեղեկացրեցին «ԱրմենՏել»-ում, առաջարկվում է ինչպես սակագների բարձրացում, այնպես էլ` որոշ ծառայությունների համար, սակագների իջեցում:

«Կոնկրետ միացման վճարի, բաժանորդային վարձի եւ տեղական զանգերի գծով նախատեսվում է սակագների աճ: Իսկ միջքաղաքային, միջազգային եւ ֆիքսված հեռախոսակապից դեպի բջջային զանգերի [սակագների] նվազեցում», - պարզաբանեց Հայկ Ֆարամազյանը:

Նրա փոխանցմամբ, տեղական զանգերի եւ բաժանորդային վարձերի համար սահմանված սակագները աստիճանաբար կբարձրացվեն մինչեւ 2009 թվականի ավարտը: Միեւնույն ժամանակ, նույն ձեւով կնվազեցվեն միջքաղաքային, միջազգային եւ որոշ այլ ծառայությունների սակագները:

«ԱրմենՏել»-ի ներկայացուցչի հավաստմամբ, սակագների հայտ ներկայացնելը, պայմանավորված չէ ընկերության բաժնետոմսերի վաճառքով, այլ ընդամենը պարտավորություն է:

«ԱրմենՏել»-ի ներկայացրած սակագնային փաթեթում հեռախոսի բաժանորդային վարձը բնակչության համար նախատեսվում է 1100 դրամից դարձնել 3000 դրամ: Անվճար խոսակցական րոպեները, հանձնաժողովի հավանության դեպքում կնվազեցվեն. գործող 360-ից` 280 րոպե: Գործող 5 դրամի փոխարեն րոպեավճարի նվազագույն սակագին է առաջարկվել 6 դրամը: Այս ամենից բացի, ընկերությունը մտադիր է մեկուկես անգամ թանկացնել նաեւ ինտերնետից հեռախոսով օգտվելու րոպեավարձը` գործող 1 րոպեն 1 դրամից դարձնելով 2,4 դրամ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG