Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր կորոշվի Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությանը Թուրքիայի մասնակցության հարցը


Մի քանի ժամից Թուրքիայի խորհրդարանը կորոշի Lիբանանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողությանը թուրքական ստորաբաժանումների մասնակցության հարցը: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ միանշանակորեն հայտարարեց, թե «իսլամական աշխարհը, եւ մասնավորապես Թուրքիան, իրավունք չունեն մի կողմ քաշվել ու դիտորդի կեցվածք ընդունել Lիբանանի իրադարձությունների հանդեպ»:

Թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը երկուշաբթի երեկոյան նշել է, թե Lիբանանի խաղաղապահ գործողությանը մասնակցելը Թուրքիայի համար ռազմավարական կարեւորություն ունեցող հարց է:

Սակայն սխալ կլիներ կարծել, թե խորհրդարանական քվեարկության արդյունքն արդեն իսկ կանխորոշված է: Թեեւ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում ճնշող մեծամասնություն ունի, բայցեւայնպես Lիբանան ռազմական ստորաբաժանումներ ուղարկելու հարցը արդեն իսկ ներկուսակցական սուր բանավեճի առիթ է դարձել: Իշխող կուսակցության՝ Ադանայից ընտրված պատգամավոր Աբդուլա Չալշկանը, ինչպես նաեւ Բալըքեսիրն ու Գազիանթեփը ներկայացնող պատգամավորները կտրականապես ընդդիմացել են թուրքական ստորաբաժանումները Lիբանան ուղարկելու նախաձեռնությանը, որն ուրբաթ օրն արդեն արժանացել է Թուրքիայի կառավարության հավանությանը:

Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, եւս որոշել է դեմ քվեարկել: Կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը խստորեն քննդատել է Lիբանան զորք ուղարկելու կառավարության մտադրությունը:

Թուրքիայի առաջատար հասարակական կազմակերպությունները եւս ոգեւորված չեն Lիբանանի խաղաղապահ գործողությանը թուրքական ստորաբաժանումների մասնակցության գաղափարով, ուստի մի քանի ժամից թուրքական ոչ կառավարական հատվածի հազարավոր ներկայացուցիչներ ի նշան բողոքի դուրս կգան Անկարայի ու Ստամբուլի փողոցները:

Հաշված ժամեր անց պարզ կդառնա՝ արդյո՞ք այսօր կկրկնվի 2003 թվականի մարտի 1-ի պատմությունը, երբ Թուրքիայի խորհրդարանը որոշեց չմասնակցել Իրաքում ամերիկացիների նախաձեռնած գործողությանը, թե՞, այնուամենայնիվ, պատգամավորները տհաճ անակնկալ չեն մատուցի վարչապետ Էրդողանին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG