Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման վերաբերյալ «վերջնական որոշում» դեռ չի կայացվել


Ինչպես երկուշաբթի օրը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, սեպտեմբերին արդբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել եւ, հնարավոր է, որ այն չկայանա:

«12-ի հանդիպումը մենք չենք հաստատել», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Օսկանյանը: - «Չգիտեմ, տեղի կունենա՞ [հանդիպումը], թե՞ չէ: Դա կախված կլինի, թե ինչպիսի զարգացումներ կլինեն այլ ատյաններում»:

Արտգործնախարարը նկատի ուներ, հավանաբար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Խնդիրն այն է, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրները դիմել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ խնդրելով 61-րդ նստաշրջանի օրակարգ ներառել Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքներում հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցը:

Խնդրագրի հեղինակ երեք հանրապետությունները՝ Մոլդովան, Վրաստանը եւ Ադրբեջանը, համարում են, որ միջազգային միջնորդական առաքելությունը անարդյունք է եղել, չի նպաստել հակամարտությունների կարգավորմանը:

ՎՈՒԱՄ-ի անդամ երկրները գրեթե նույնաբովանդակ դիմում էին ուղարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային՝ հարցը 60-րդ նստաշրջանում ընդգրկելու խնդրանքով: Այն ժամանակ հարցը չմտավ օրակարգ: Դրան հետեւեցին Ադրբեջանի նոր դիմումները, այդ թվում՝ նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը, անցյալ ամիս ասել էր, որ եթե նման զարգացումները շարունակվեն եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող Ադրբեջանի դիմումներն ու բանաձեւի նախագիծը մտնեն օրակարգ, ապա Հայաստանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը հրաժարվի բանակցություններից, Վարդան Օսկանյանը այսօր արձագանքեց. - «Դրա պատասխանը այդպես չեմ կարող տալ: Բայց այս հաջորդ հանդիպումի որոշումը կախված է այդ օրերին տեղի ունեցող զարգացումներից: Երբ գնում ես հանդիպման, պետք է լրացուցիչ խոչընդոտ չլինի ճանապարհին, պետք է այդ հանդիպումը արդյունավետ լինի»:

Իսկ եթե, այդուամենյանիվ, երկու երկրների արտգործնախարարների միջեւ, եթե ոչ այս, ապա մեկ ուրիշ հանդիպում կայանա, ապա, արտգործնախարարի կարծիքով, բանակցությունները շարունակվելու են արդեն հայտնի փաստաթղթի շուրջ, որին մաս կազմող սկզբունքային հարցերից մի քանիսը Վիեննայում Մինսկի խմբի համանախագահներն արդեն գաղտնազերծել էին:

«Այսօր սեղանի վրա ուրիշ փաստաթուղթ չկա: Կարծում եմ, որ դրա շուրջ կլինի», - ասաց Օսկանյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG