Մատչելիության հղումներ

ԱԺ աշխատակազմի՝ «Օրինաց երկիր»-ի անդամները դատարանում վիճարկելու են խորհրդարանի աշխատակազմում կատարվելիք փոփոխությունները


Ազգային ժողովի իրավաբանական ծառայության պետ Սուրեն Մամիկոնյանը երեկ դիմել է մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ Ազգային ժողովի աշխատակազմի եւ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանի՝ պաշտոնատար անձի՝ օրենքին հակասող ակտը անվավեր ճանաչելու պահանջով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը հուլիսի 31-ին շրջանառության մեջ է դրել մի ծանուցում, որով շուրջ 40 օրինացերկրականներ զգուշացվել են, որ աշխատակազմում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նրանք ազատվելու են աշխատանքից սույն թվականի հոկտեբերի 1-ին:

Խորհրդարանի իրավաբանական ծառայության պետը, որը, ի դեպ, այդ 40 աշխատողներից մեկն է, դատարանում պատրաստվում է վիճարկել Հայկ Քոթանյանի ներեկայացրած փաստաթղթի օրինականությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սուրեն Մամիկոնյանը «կիսագրագետ փաստաթուղթ» որակեց իրենց աշխատանքից ազատելու մասին ծանուցագիրը՝ նշելով, որ այն կազմվել է «օրենսդրության խախտումներով»:

«Ես առաջարկում եմ դադարեցնել անօրինական գործընթացը, որ սկսվել է աշխատակազմի պետական ծառայողների նկատմամբ, եւ գտնում եմ, որ դատական քննարկման ժամանակ անպայման կազմակերպիչները՝ այդ թվում նաեւ աշխատակազմի ղեկավարը, ստիպված կլինեն անձամբ հիմնավորել եւ պարզաբանել, թե ինչի հիման վրա են այդպիսի իրավական խախտումներով փաստաթուղթ դրել շրջանառության մեջ»:

Սուրեն Մամիկոնյանի համոզմամբ, իրականացվող գործընթացը «կարդային ջարդ» է՝ ուղղված «Օրինաց երկիր» կուսակցության անդամների դեմ:

Ամռան ընթացքում արդեն լուծարվել են Ազգային ժողովի 2 վարչություն, երկու ծառայություն եւ մեկ քարտուղարություն, ինչի արդյունքնում խորհրդարանի աշխատակազմի 501 հաստիքներից 40-ը կրճատվել են:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը իր վերջին ասուլիսում ասել էր, թե «այդ կառույցները լուծարվել են, քանի որ Ազգային ժողովի հետ որեւէ առնչություն չունեն»:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը «Ազատություն» ռադիոկայանին այս կապակցությամբ ասաց, որ դատարան իր դեմ ներկայացված դիմումի մասին իմացել է լրատվամիջոցներից: Քոթանյանը չցանկացավ արձագանքել՝ ասելով, թե «բաժակաճառի մակարդակով ներկայացվող դիմումներին եւ մեկնաբանություններին» չի պատրաստվում պատասխանել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG