Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը որպես մրցակից չի դիտարկում «Բարգավաճ Հայաստան»-ը


Հայաստանի պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում մրցակից չի դիտարկում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. - «Ես դիտում եմ «Բարգավաճ»-ը ուժ, որ հայտարարել է իր քաղաքական նպատակների մասին: Իսկ թե ինչպիսին կլինի այդ ուժը՝ կտեսնենք ընտրությունների արդյունքում»:

Հայաստանի պաշտպանության նախարարը «ծիծաղելի» որակեց հայաստանյան թերթերից մեկի հրապարակումը, թե Սոչիում անցած ամիս Ռուսաստանի նախագահ Պուտինը Հայաստանի նախագահ Քոչարյանին առանձնազրույցի ընթացքում հայտնել է, թե «Սերժ Սարգսյանը նրա [Քոչարյանի] ցանկալի իրավահաջորդը չէ»:

«Այս մարդիկ [հրապարակման հեղինակները] մի ցավ ունեն, մի դարդ ունեն՝ ուզում են լինել իշխանության վերին գագաթում: Այդ մարդիկ ուզում են ունենալ հասարակության վրա մեծ ազդեցություն՝ անազնիվ ճանապարհներով», - ասաց Սարգսյանը: - «Ինքնին ցանկությունը՝ լինել իշխանության գագաթում, դատապարտելի չէ. մեթոդներն ու միջոցներն են դատապարտելի»:

Անդրադառնալով վերջին շրջանում ակտիվացած խոսակցություններին, թե ՀՀԿ-ն համալրվել է քրեածին տարրերով՝ Սարգսյանի ասաց, թե իրենք պատրաստ են դեմ առ դեմ բանավիճել նման հայտարարություններ տարածողների հետ: Պաշտպանության նախարարի եւ ՀՀԿ խորհրդի նախագահի բնորոշմամբ՝ եթե մարդն ունի ածական անուն, լավ չի տիրապետում հայերենին կամ բարձր է խոսում, դա դեռ չի նշանակում, թե նա կրիմինալ է. - «Կարող ենք ե’ւ պատգամավորների մեջ, ե’ւ կուսակցության խորհրդում լինել մեկ, երկու, երեք անհատականություններ, որոնց վարք ու բարքից, խոսք ու գրչից չի երեւա, որ նա մտավորական մարդ է: Իսկ ի՞նչ է եղել. մեր հասարակությունը պետք է ներկայացված լինի ե’ւ խորհրդարանում, ե’ւ կուսակցության խորհրդում»:

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին պատասխանեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ուր այսօր այցելել էր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG