Մատչելիության հղումներ

logo-print
Հանրապետական կուսակցության խորհուրդը երեկ երեկոյան 61 կողմ եւ 3 դեմ ձայնով որոշել է, որ նպատակահարմար չի գտնում Աջափնյակի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրել եւ պաշտպանել կուսակցության խորհրդի անդամ Արման Սահակյանի թեկնածությունը: Որոշմանը դեմ քվեարկած՝ ՀՀԿ խորհրդի երեք անդամներն են Արման Սահակյանը, նրա հայրը՝ Գալուստ Սահակյանը եւ Աշոտ Աղաբաբյանը (Սահակյանների մերձավոր ազգականը):

Կուսակցության հանրային կապերի ծառայությունը ծանուցում է նաեւ, որ որոշման մյուս կետն այսպիսին է. - «Սույն որոշումը չկատարելու դեպքում, ՀՀԿ կանոնադրությանը համապատասխան՝ կուսակցության անդամները եւ կուսակցական կառույցները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության»:

Ազգային Ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց համար ընդունելի է կուսակցության այն մոտեցումը, որ Աջափնյակի թաղապետի ղեկավարի ընտրությունը քաղաքական, կուսակցական խնդիր չէ:

Այսօր առավոտյան Արման Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անպայման առաջադրելու է իր թեկնածությունն այս պաշտոնում, կուսակցության խորհրդի որոշումն էլ նորմալ է համարում, նեղացած չէ եւ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի:

Երեկվա նիստին ներկա են եղել նաեւ կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կուսակցության նախագահի առաջին տեղակալ, խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն այս առիթով ասել է. - «Կուսակցությունը ոհմակ չէ, եւ բոլորովին պարտադիր չէ ցանկացած հարցում ցանկացած կուսակցականի պաշտպանելը: Եթե կուսակցականը հաշվի չի նստում կուսակցության գոյության հետ, ինչո՞ւ պիտի կուսակցությունը պաշտպանի նրան»:


Ռուզան Խաչատրյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG