Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր լրանում է Բեսլանի երկրորդ տարելիցը


Երկու տարի առաջ՝ 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, Հյուսիսային Օսիայում մի խումբ զինված ահաբեկիչներ գրավել էին Բեսլան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ պատանդ վերցնելով շուրջ 1100 մարդու՝ աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների: Ահաբեկիչները Ռուսաստանի ղեկավարներից պահանջել են բանակը դուրս հանել Չեչնիայի տարածքից: Սեպտեմբերի 3-ին բանակը գրոհով վերցրել էր շենքը, զոհվել էր 332 պատանդ, զոհերի ավելի քան կեսը մանուկներ էին:

Անմիջապես գրոհից հետո Ռուսաստանում եւ Արեւմուտքում կարծիքներ հնչեցին, թե բանակը պատրաստ չէր գործողությանը, գրոհը քաոսային էր, ինչի հետեւանքով էլ մեծ թվով մարդիկ սպանվեցին: Զոհվածների ազգականներից շատերն առ այսօր համոզված են, որ Կրեմլը թաքցնում է Բեսլանի գործողության հանգամանքները: Կա վարկած, թե առաջինը կրակ են բացել ոչ թե գրոհայիններն, այլ դպրոցը շրջապատած զինվորականները:

Գրոհի ընթացքում սպանվել են նաեւ ահաբեկիչները. ողջ է մնացել միայն Նուրփաշի Կուլաեւը, որն այս տարվա մայիսին դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ հուլիսի 10-ին ռուսական ուժերը ոչնչացրել են նաեւ Շամիլ Բասաեւին, որը համարվում է Բեսլանի եւ մի շարք այլ ահաբեկչական գրոհների բուն կազմակերպիչը:

Սակայն դա բնավ չի թեթեւացնում բեսլանցիների ցավը: Երկու տարի առաջ միակ դստերը՝ Էլվիրային կորցրած Սվետլանա Մարգիեւան «Ազատություն» ռադիոկայանին ասել է. - «Կուլաեւին դատել են, բայց չէ՞ որ մյուսները տակավին ազատ են, իսկ Բասաեւն իր հետ շատ գաղտնիքներ է տարել: Նա շատ բան կարող էր ասել»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG