Մատչելիության հղումներ

Մանկավարժները մտահոգված են. 12-ամյա դպրոցին անցումն ի սկզբանե դատապարտված է


Հանրապետության դպրոցների մեծ մասում կրտսեր առաջին դասարաններ այդպես էլ չձեւավորվեցին, չնայած սպասվում էր շուրջ 15 հազար 5,8 տարեկանից բարձր երեխաների ընդունելություն: Նախնական տվյալներով, դպրոց հաճախող մինչեւ 6 տարեկանների թիվը նախատեսվածից շուրջ 10 անգամ պակաս կլինի:

Մայրաքաղաքի բազմաթիվ դպրոցներ կարողացել են այս տարիքի ընդամենը մեկ, երկու կամ չորս երեխա ընդունել: Կան դպրոցներ, որտեղ ընդհանրապես այս տարիքի երեխաներ չեն դիմել: Ընդ որում, նման վիճակում հայտնվել են նույնիսկ Կենտրոն համայնքի դպրոցները, որտեղ ծանրաբեռնվածությունը, ինչպես հայտնի է, մյուս համայնքներից մի քանի անգամ ավելի է լինում: Օրինակ, Կենտրոնի թիվ 3 դպրոց ընդունվել է այս տարիքի ընդամենը 1 երեխա:

«Մենք մեր թաղամասում հաշվառում ենք արել: Պարզվում է, որ այս տարիքի երեխաներ պարզապես չկան», - վկայում է դպրոցի ղեկավար Սահակ Լեւոնյանը: - «Կամ քիչ են ծնվել, կամ արտագաղթն է պատճառը: Չգիտեմ: Բայց փաստն այն է, որ չկան»:

Մանկավարժների մեծ մասը հակված է ենթադրել, որ ստեղծված վիճակը երիտասարդ ընտանիքների՝ 90-ականների կեսերից ծավալված արտագաղթի հետեւանք է: «Թվաքանակը պակասում է երեխաների: Հոսք կա, մեծ հոսք: Ամեն տարի նախորդ տարվանից 50-ով պակաս աշակերտ ենք ունենում: Տենդենցը կա, որովհետեւ վերարտադրվող տարիքի ընտանիքները հիմնականում դրսում են», - կարծում է Երեւանի թիվ 127 դպրոցի տնօրեն Նելսոն Էլոյանը:

Սակայն մասնագետները պնդում են, որ աշակերտ չհավաքելու պատճառը միայն սա չէ: Մինչեւ 6 տարեկան երեխաների ծնողների մեծ մասը պարզապես չի ցանկանում երեխային այս տարի դպրոց տալ. նրանք չեն վստահում նոր համակարգին: Շատերը համոզված են, որ դպրոցներում այդպես էլ այս տարիքի երեխաների համար անհրաժեշտ պայմաններ չստեղծվեցին: Այսօր նրանց առաջարկում են հին դասասենյակներ՝ չոր ու մեծ նստարաններով:

Որոշ դպրոցներում նույնիսկ կեսդարյա հնություն ունեցող մաշված նստարաններ են տեղադրված այս երեխաների համար առանձնացված դասասենյակներում: Առաջարկվում են տարբեր տարիքի դպրոցականներին արդեն տասնյակ տարիներ ծառայած սանհանգույցներ, որոնք հեռու են հիգիենայի պահպանման տարրական նորմերից: Այդպես էլ չպարզվեց՝ 30՞, թե՞ 45 րոպե է տեւելու կրտսեր դպրոցի մեկ դասաժամը եւ երեխան այդքան ժամանակ կծկվելո՞ւ է տարիքին անհամապատասխան նստարաններին, թե՞ ընթացքում խաղալու է:

«Ես դպրոց չեմ տալու իմ երեխային, ո՞նց տամ: Որ ուսուցչին հարցնում եմ՝ ոչնչից տեղյակ չի: Ես ո՞նց վստահեմ նրան իմ երեխային», - վկայեց մի ծնող:

Որոշ ծնողներ էլ ամեն գնով փորձել են 5,8 տարեկաններին 6,5-ից բարձրերի դասարաններում տեղավորել, որպեսզի 12 տարի չսովորեն:

Նոր ուսումնական տարվա նախօրեին ստեղծված վիճակն այնքան մեծ անհանգստություն է առաջացրել, որ արդեն մի քանի օր կրթության եւ գիտության նախարարության եւ քաղաքապետարանի պատասխանատուներն անընդհատ քննարկում են, բայց վիճակից դուրս գալու ելքը չեն գտնում՝ 3-4 ֊հոգանոց դասարաններ չեն կարող պահել, այս երեխաներին մեծերի հետ խառնելն էլ անընդունելի է՝ ծրագրերն են տարբեր: Իսկ նույն դասարանում տարբեր ծրագրերով եւ դասագրքերով ուսուցում կազմակերպելն անհնար է:

Մինչեւ սեպտեմբերի 5-ը պատասխանատուները որոշել են սպասել, քանզի հույս ունեն, որ երեխաների թիվն այս օրերին կավելանա:

12-ամյա կրթական համակարգի արեւմտյան մոդելը, որը Հայաստանում ներդնելու համար Համաշխարհային բանկը տրամադրեց գրեթե 20 միլիոն դոլարի վարկ, որոշ մասնագետների կանխատեսումներով, կարող է ոլորտում լուրջ ճգնաժամի առիթ դառնալ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG