Մատչելիության հղումներ

Ջոն Էվանս. «Հայաստանի ապագան ժողովրդավար ժողովուրդների կողքին է»


Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտող՝ Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը համոզված է, որ Երեւանում իր պաշտոնավարության երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները սերտացել են եւ է’լ ավելի կսերտանան առաջիկա տարիներին:

«Ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացում են ապրում», - «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում ասաց Ջոն Էվանսը: - «Վերջին շրջանում հատկապես ամրապնդվել է մեր համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Ավելանում են, թեեւ՝ դանդաղ, ամերիկյան ներդրումները: Կարծում եմ, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները որոշակի հիմնարար արժեքներ ունեն, որոնք օգնում են մեզ ավելի լավ հասկանալ միմյանց: Սա պատճառներից մեկն է, որոնք ինձ առիթ են տալիս հավատալու, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական երկրների կողքին է: Հայաստանն ունի բոլոր նախապայմանները այս տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար երկիրը դառնալու համար»:

Հարցին, թե Հայաստանում ինչ նախապայմաններ կան ավելի լուրջ ամերիկան ներդրումների համար, դեսպանը պատասխանեց. - «Դրանք բազմաթիվ գործոններ են՝ օրենքի գերակայության խնդիրը, դատարանների արդարության, կրթական համակարգի խնդիրները: Ազնվության խնդիր կա, հարկային, մաքսային ծառայության եւ բազմաթիվ այլ գործոններ: Կարեւոր է նաեւ տարածաշրջանային եւ քաղաքական կայունության խնդիրը: Բայց, կարծում եմ, որ որոշակի առաջընթաց կա: Ու թեեւ իմ պաշտոնավարման օրոք չենք տեսել շատ մեծ ամերիկյան ներդրումներ, մենք գիտենք, որ ամերիկացի բիզնեսմեններ Հայաստանում կան, եւ որոշակի համագործակցություն կա»:

Անդրադարձ եղավ նաեւ տնտեսական աճին. վերջին 4 տարիներին Հայաստանը տնտեսական աճի երկնիշ ցուցանիշեր է գրանցում, բայց խնդիրն այն է, որ այդ աճը համաչափ չէ. - «Որոշ ոլորտներ ավելի արագ են զարգանում, որոշ ոլորտներ՝ ոչ: Հատկապես նկատելի է նաեւ Երեւանի եւ մարզերի միջեւ անհամաչափ զարգացումը: Բոլոր դոնոր երկրներն ու կազմակերպությունները խոսում են Երեւանից դուրս զարգացումն ապահովելու անհրաժեշտության մասին: ԱՄՆ-ի՝ Հայաստանում իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկը՝ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը, հենց գյուղական շրջանները զարգացնելու նպատակ ունի»:

Դեսպան Էվանսը գոհունակություն հայտնեց նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության կապակցությամբ: Հատկապես շեշտեց, որ ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանի ներդրումը Իրաքում՝ խաղաղապահ գումարտակի մասնակցության տեսքով:

Հարցին, թե որոնք են Հայաստանի առջեւ կանգնած ամենալուրջ մարտահրավերները, Էվանսը պատասխանեց. - «Ամենալուրջ մարտահրավերը, թերեւս, էներգետիկ ռեսուրսների ապահովումն է: Հայաստանի նման երկրի համար դա շատ կարեւոր է: Մյուս մարտահրավերները, որ փոխկապակցված են, ներառում են քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում: Ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ այս տարածաշրջանում, դա բռնությունների, հակամարտության սրման նոր ալիքն է»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Միացյալ Նահանգների դեսպանը ասաց. - «Ղարաբաղյան խնդրի խաղաղ, երկարատեւ եւ արդար լուծումը դրականորեն կանդրադառնա Հարավային Կովկասում ինվեստիցիոն մթնոլորտի վրա»: Ջոն Էվանսի կարծիքով,
դրական էր, որ համանախագահները հունիսին հրապարակեցին բանակցային գործընթացի որոշ բաղկացուցիչներ եւ հանրային քննարկումների առիթ ստեղծեցին. - «Կողմերից ոչ մեկը չի կարող 100 տոկոսով ունենալ այն, ինչ ուզում է: Կա մի բան, որ չպետք է ցանկանա կողմերից եւ ոչ մեկը. դա հակամարտության վերսկսումն է: Ես գիտեմ, որ համանախագահները միակամ են խաղաղ լուծման հասնելու ցանկության մեջ, լուծման, որ ոչ թե պարտադրված կլինի համանախագահների կողմից, այլ Բավքի եւ Երեւանի միջեւ բանակցությունների արդյունք լինի»:

Գալով ժողովրդավարական գործընթացներին՝ դեսպանը ասաց. - «Ժողովրդավարությունը բարդ ճանապարհ է, եւ այն միշտ չէ, որ ուղիղ ու առանց խոչընդոտների է: Բայց Հայաստանն ի վերջո այդ ճանապարհով պետք է ուղղորդվի: Կարծում եմ, հասկանալի վախ կա քայլ անելու եւ անշեղորեն գնալու ընտրողներին ընտրություն կատարելը վստահելու ուղիով: Դա հոգեբանական խոչընդոտ է, բայց, կարծում եմ, ի վերջո այս խոչընդոտը կհաղթահարվի եւ համակարգը կդառնա գործուն ժողովրդավարական համակարգ»:

Հարցին, թե արդյոք իր կարծիքով գալիք ընտրութուններն ավելի ժողովրդավարական կլինեն, Միացյալ Նահանգների դեսպանը պատասխանեց. - «Ես, անշուշտ, կարծում եմ, որ դրանք պետք է ավելի ժողովրդավարական լինեն: Կարծում եմ, որ շատ մարդիկ աշխատում են այդ ուղղությամբ: Հավանաբար կան մարդիկ, որ դրա դեմ են աշխատում... Բայց ընտրությունների արդյունքների զանգվածային կեղծումների ժամանակները անցել են: Դա շատ բացասական դինամիկա է ստեղծում եւ կարող է հանգեցնել բռնությունների եւ հետընթացի: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար պատասխանատվություն են կրում բոլորը՝ ընտրական պաշտոնյաները, իշխանությունները, կուսակցությունների ղեկավարները, դատավորները, լրատվամիջոցները»:

«Ամեն ընտրող պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը եւ չվաճառի իր ձայնը նրան, ով ավելի շատ փող կտա. սա ընդհանուր պատասխանատվություն է», - շարունակեց Ջոն Էվանսը: - «Իհարկե, միջազգային կազմակերպությունները նույնպես իրենց գործը կանեն, բայց դա Հայաստանի ժողովրդի պատասխանատվությունն է: Ես, իհարկե, կարծում եմ, որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները հույս ունեն, որ Հայաստանի ընտրությունները հաջորդ տարի կլինեն համապատասխան այն չափանիշերին, որոնք Հայաստանն ընդունել է՝ անդամակցելով ԵԱՀԿ-ին եւ Եվրախորհրդին»:

Իր վաղաժամ հետկանչին վերաբերող հարցին դեսպան Էվանսը արձագանքեց, թե որեւէ դեսպանի համար հստակ ժամկետ չկա. - «Մենք բոլորս ծառայում ենք նախագահին: Ես շատ ուրախ էի օրերս ստանալ դրական ուղերձ նախագահ Բուշից: Նա ինձ շնորհակալություն էր հայտնում Հայաստանում իմ աշխատանքի համար»:

Նոր նշանակում Ջոն Էվանսը չի ստացել: Ասաց, որ այդ մասին չի էլ խնդրել, քանի որ թողնում է դիվանագիտական ծառայությունը: Հարցին, թե արդյոք դա իր որոշումն էր, դեսպանը պատասխանեց. - «Այո, ես եմ ներկայացրել իմ հեռանալու մասին փաստաթղթերը»:

Իսկ հարցին, թե հրաժարվում է արդյոք Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ում հնչեցրած արտահայտություններից, որ ենթադրաբար իր հետկանչի պատճառ են դարձել, Էվանսը պատասխանեց. - «Ես այս խնդիրը երբեք չեմ քննարկել այստեղ՝ Հայաստանում: Իսկ այն, ինչ ասել եմ, գրանցված է եւ հասանելի բոլորի համար ԱՄՆ-ի դեսպանատան կայքէջում»:

Նախագահ Բուշի կողմից Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի վերաբերյալ Էվանսը ասաց, որ աշխատել է նրա հետ եւ բարձր է գնահատում նրա պրոֆեսիոնալիզմը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG