Մատչելիության հղումներ

Բենիտա Ֆերերո-Վալդներ. «Պատերազմները սկիզբ են առնում ատելություն սերմանող կոչերից»


Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները համոզված է, որ պատերազմները սկիզբ են առնում ատելություն սերմանող կոչերից:

«Հայաստանում ու Ադրբեջանում մենք լսում ենք նման կոչեր եւ մենք դրանց դեմ պետք է պայքարենք, քանի որ պատերազմն ուղղակի աղետ կլինի: Եվ իհարկե, շատ հաճախ պատերազմներն ու զինված հակամարտությունները սկիզբ են առնում հենց ատելությամբ լի նման կոչերից»,- «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց Եվրամիության հանձնակատարը:

Եվրամիության «Նոր հարեւանության» գործողությունների ծրագրի վերջնական տեքստը, որը պատրաստ կլինի արդեն սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին՝ Բենիտա Ֆերերո-Վալդների հարավկովկասյան այցի նախօրեին, եւս նախատեսում է ազգամիջյան ատելություն սերմանող կոչերի բացառում եւ, ինչը պակաս կարեւոր չէ՝ արդյունավետ կառավարում:

«Արդյունավետ կառավարումը նշանակում է, որ կառավարությունները գործում են: Մենք անընդհատ երկխոսության մեջ ենք իշխանությունների հետ եւ մեր բոլոր շփումների ընթացքում մենք մատնանշում ենք այն բացասական երեւույթները, որոնք պետք է վերացվեն: Ատելություն սերմանող հայտարարությունները դրանց թվին են պատկանում»,- նշեց Բենիտա Ֆերերո-Վալդները:

Իսկ գործողությունների ծրագրերն ընդունելուց հետո, Եվրամիությունը իր նոր կովկասյան հարեւաններին օգնելու է շարունակել բարեփոխումները՝ նախեւառաջ վարչական ու դատաիրավական համակարգերում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG