Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Կուսակցական խնամիներ» վերնագրի ներքո «Ազգ»-ը տեղեկացնում է.- «Գագիկ Ծառուկյանի դուստրը ամուսնանում է «Բարգավաճ Հայաստան»-ի կուսակցական կառույցներից մեկի ղեկավար Վարդան Վարդանյանի որդու հետ: Ըստ տեղյակ աղբյուրի, հարսանիքը կկայանա այս շաբաթ: Սպասենք Առինջի բլուրից հերթական շքեղ հրավառությանը (հայերեն ասած՝ «սալյուտին»):

«Մինչեւ սեպտեմբերի 15-ը Մտավորականների ֆորումը կազմակերպելու է հավաք, որի ընթացքում հրապարակելու են հայաստանյան կոռումպացված կրիմինալի հետ սերտաճած պաշտոնյաների ցուցակը: Մտավորականների ֆորումը, սակայն, միայն դրանով չի բավարարվելու»,- իրազեկում է «168 ժամ» թերթը եւ հավելում.- «Նրանք պատրաստվում են նաեւ այցելություններ կազմակերպել մարզերում»:

«Հայկական ժամանակ»-ն այսօր տեղեկացնում է, թե Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը մի հայտարարություն է տարածել, որով իշխանություններից պահանջում է ռազմական գործողություններ սկսել ադրբեջանական տարածքների վերադարձման համար։ «Հայտարարության տեքստից դատելով՝ այն տարածվել է հատկապես այսօր, քանի որ Լեռնային Ղարաբաղը պատրաստվում է մեծ շուքով նշել անկախության 15-ամյակը», - հավելել է թերթը։

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում, «այսօր եւ մոտակա տարիներին» բացառելով պատերազմի վերսկման հավանականությունը, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը պնդել է. - «Ադրբեջանը չի համարձակվի դիմել այդ քայլին։ Հասարակությանը սա բացատրելու բեռը այսօր փաստորեն դրված է Ադրբեջանի ղեկավարության ուսերին։ Ինչը այնքան էլ հեշտ չէ, որովհետեւ այս տարիներին պատերազմի միջոցով Ղարաբաղը վերադարձնելու թեզը այնքան է շահարկվել, որ հիմա իրենք էլ չգիտեն՝ ինչպես են դրա տակից դուրս գալու»։

«Գոլոս Արմենիի» թերթը, ուրվագծելով առաջիկա ներքաղաքական զարգացումները, գրել է, թե ներկա նախընտրական գործընթացի գլխավոր առանձնահատկությունը ընտրողների մոտ հավատի իսպառ բացակայությունն է, թե քաղաքական գործիչներից ինչ-որ մեկը գեթ վայրկյան անգամ կմոռանա անձնական շահերը ու կմտածի ժողովրդի մասին։ «Մյուս առանձնահատկությունն այն է, որ ոչ ոք չի սպասում, թե քաղաքական երկնքից փրկիչն ու մեսիան կիջնեն ու հոգ կտանեն լլկվածների ու աղքատների մասին։ Ուտոպիան իր տեղը զիջել է ցինիզմին», - գրել է մեկնաբանն ու արձանագրել. - «2007-ի ընտրությունները կդառնան բոլոր նախորդ ընտրությունների տրամաբանական շարունակությունը։ Ներկայիս ընդդիմությունը այս իմաստով ի վիճակի չէ որեւէ բան փոխել, իսկ իշխանությունը ոչինչ չի ուզում փոխել»։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Ազգային ժողովի մի քանի անկախ պատգամավորներ, «ՀՀԿ-ի թելադրանքով, առաջիկա օրերին խորհրդարանում շրջանառության մեջ են դնելու օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է վերադառնալ նախկին՝ 75 համամասնական, 56 մեծամասնական ընտրակարգին». - «Սա անկախների պատասխանն է Ազգային ժողովում վերջերս շրջանառության մեջ դրված նախագծին, որով առաջարկվում է անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի»:

«168 ժամ» շաբաթաթերթի վերլուծաբանը, պնդելով, թե 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը զգալիորեն հեշտացնում է ընտրակեղծիքների գործընթացը, հիմնավորում է, թե այդ դեպքում «ադմինիստրատիվ-կրիմինալ ռեսուրսը ստիպված չի լինում աշխատել երկու ճակատով միաժամանակ՝ նույն տեղամասում կեղծելով ե’ւ համամասնական ե’ւ մեծամասնական ընտրությունները, հանձնաժողովները «թվաբանությունը» երկու անգամ չեն անում»։ Պարզ ասած՝ ամեն ինչ կեղծվում է «բիրիքով», եւ որ ամենակարեւորն է՝ անակնկալները բացառվում են. - «Այսինքն՝ բացառվում է, որ որեւէ ազդեցիկ ընդդիմադիր որեւէ ընտրատարածքում աշխատի եւ հայտնվի խորհրդարանում»։

Նույն թերթի մեկնաբանը, անդրադառնալով Հայաստանի օրհներգի փոփոխության շարժառիթներին, գրել է. - «Ոչ ոք չի կարող ասել, թե որն է օրհներգը փոխելու պատճառն ու անհրաժեշտությունը։ Դոլարի կուրսի անկումից կամ, ինչպես իշխանություններն են սիրում ասել՝ դրամի արժեվորումից բացի, մեր կյանքում էական ոչ մի փոփոխություն չի կատարվել, որի պատճառով ստիպված լինեինք փոխել հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը... Հակառակը՝ դոլարի անկումից հետո կարիք կա վերականգնելու Նալբանդյանի բնագիրը։ Նկատի ունեմ հատկապես «թշվառ, անտեր» բառերը»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, իր հերթին անդրադառնալով նոր օրհներգի մրցույթին ներկայացված տարբերակներին, գրում է. - «Օրհներգի ընտրությունը երգի փառատոն չէ: Սա քաղաքական ակցիա է. որքան էլ հանճարեղ լինի Խաչատրյանի երաժշտությունը, այն խորհրդանշում է անցած-գնացած դարաշրջանը, մերժված գաղափարախոսությունը։ Ուստի այս հարցում զուտ երաժշտագիտական մոտեցում հնարավոր չէ դրսեւորել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG