Մատչելիության հղումներ

Ցուցակներից դուրս մնացած դիմորդները առայժմ կուսանեն հեռակա կարգով


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը չորեքշաբթի օրը ընդունել է բուհեր ընդունվածների ցուցակներում նախ ընդգրկված, ապա դուրս մնացած հարյուրից ավելի դիմորդների ծնողների ներկայացուցիչներին եւ խոստացել, որ այդ դիմորդները բուհերից դուրս չեն մնա:

Օգոստոսի 24-ի երեկոյան, երբ փակցվել էին առանց տարկետման իրավունքի հատկացված լրացուցիչ տեղեր ընդունվածների ցուցակները, այս դիմորդների անունները դրանցում եղել են: Երկու օր անց, սակայն, ցուցակները փոխվել էին եւ հայտնվել են այլ մարդկանց անուններ: Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը երեկ դժգոհող ծնողներին բացատրել էր, թե տեխնիկական վրիպակ է եղել, համակարգչային սխալ, ինչի արդյունքում չընդունված մարդկանց անուններ են հաշվարկվել:

Բողոքողները, սակայն, չեն հավատում, թե կատարվածը պարզապես համակարգչային սխալի արդյունք է: Նրանք պնդում են, թե տեղի ունեցածը բացահայտ կոռուպցիա է. ընդունված երեխաների անունները ցուցակներից հանել են՝ փոխարենը մտցնելով այլ դիմորդների անուններ, որոնք, ճիշտ է, ավելի բարձր միավորներ են հավաքել, բայց առանց տարկետման իրավունքի սովորելու մտադրություն չեն ունեցել:

Լեւոն Մկրտչյանը այսօր դիմորդների ծնողների ներկայացուցիչներին փոխանցել է, որ խնդիրը լուծելու համար երեխաները մեկ կիսամյակ կսովորեն հեռակա կարգով, իսկ հետո կտեղափոխվեն ստացիոնար բաժիններ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG