Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին


Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է Ազգային ժողովի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:

«Նախագահը դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին», - հայտարարեց Սողոմոնյանը՝ պարզաբանելով. - «Նախ իշխանություն կազմող... քաղաքական ուժերի մասնակցությամբ հավաքի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն հարաբերակցության մասին, որը այսօր դրված է շրջանառության մեջ: Ես նկատի ունեմ 90:41: Եվ նախագահը դեմ է պայմանավորվածությունների վերանայմանը: Երկրորդը՝ նախագահը դեմ է նաեւ այլ պատճառով՝ հաշվի առնելով մեր քաղաքական դաշտի անկատարությունը... նա գտնում է, որ պատգամավորին ընդհանրապես կտրել ուղիղ ընտրողներից, կտրել տարածքներից, ուղղակի սխալ կլինի»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սողոմոնյանը ասաց. - «Այս պահի դրությամբ որեւէ խոսք չկա այն մասին, որ նախագահը պետք է անդամակցի այս կամ այն կուսակցությանը»:

Ի պատասխան այսօրվա մամուլի եւ երեկվա «Ազատություն» ռադիոկայանի շեշտադրումների, որ նախագահ Քոչարյանը չմասնակցեց Սիլվա Կապուտիկյանի հուղարկավորության արարողությանը, Սողոմոնյանը ասաց. - «Հանրապետության նախագահը գրեթե երբեւէ չի մասնակցում սգո արարողություններին»:

Նա պարզաբանեց, թե անվտանգության միջոցառումները նման դեպքերում կարող են խնդիրներ առաջացնել: Դիտարկմանը, թե նախագահը մասնակցել էր Հրանտ Մաթեւոսյանի հուղարկավորության արարողությանը, խոսնակը հիշեցրեց, որ ասել է՝ «գրեթե չի մասնակցում»:

«Այնտեղ, որտեղ հնարավոր լինում է միջոցառումները [անվտանգության] իրականացնել, իրականացվում են, եւ [նախագահը] մասնակցում է», - հավելեց Վիկտոր Սողոմոնյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG