Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Կոշտացող դիրքորոշում» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը, հոռետեսորեն գնահատելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը, շեշտել է. - «Դատելով այն բանից, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները առանձնապես չեն շտապում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու հարցում, պետք է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Իլհամ Ալիեւին չի հաջողվել կատարել իրենցից սպասված քայլը»։ «Համենայնդեպս, այն փաստը, որ Սլովենիայում տեղի չունեցավ Օսկանյան - Մամեդյարով հանդիպում, հենց այդ մասին է խոսում», - եզրակացրել է վերլուծաբանը։

Իր հերթին «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, նույն խնդրի նկատմամբ իր տեսակետը մատուցելով, այսօր գրել է. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հանդեպ Ադրբեջանի ղեկավարության որդեգրած հակասական ու անընդհատ փոփոխվող կեցվածքը աստիճանաբար նոր իրողության առաջ են կանգնեցնում ոչ միայն միջնորդ երկրներին, այլեւ հայկական դիվանագիտությանը»։ Պնդելով, թե «այժմ Իլհամ Ալիեւը ճգնում է խարխլել բանակցային գործընթացի բուն հիմքերը»՝ թերթի մեկնաբանը բխեցրել է, որ «հակամարտության կարգավորման փուլային ու փաթեթային տարբերակների շուրջ տեւական քննարկումների շնորհիվ «միջնորդները ստեղծել են մի յուրահատուկ «համադրում», որ կարելի է անվանել փուլափաթեթային կամ հակառակը». - «Դրա էությունն այն է, որ պայմանագրի միջոցով նախապես ամրագրվում են կարգավորման ելակետային սկզբունքները, իսկ ահա բուն գործընթացը ծավալվում է փուլ առ փուլ։ Նման սկզբունքը կասկածի տակ դնելը հավասարազոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ միջնորդների կատարած նախորդ ողջ աշխատանքը «ջուրը գցելուն»», - փաստարկել է մեկնաբանը։

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, Հայաստանի անկախության հերթական տարելիցի կապակցությամբ իր մտորումները փոխանցելով, այսօր շեշտադրել է. - «Մենք չենք կարողանում ըմբոշխնել այդ 15 տարիներն ամբողջությամբ, որպես մեկ, եւ ընդհանուր առմամբ՝ երջանիկ, ժամանակահատված, այլ ընկալում ենք այն հատվածաբար՝ այս կամ քաղաքական «թայֆայի» շահերից ելնելով... Սեպտեմբերի 21-ին կլինեն մարդիկ, որոնք կնշեն «իրենց» 6,5-ամյակը: Նրանք այն մարդիկ են, որոնք մինչեւ 98-ը ունեին իշխանություն, որը, սակայն, «խաղաղ ճանապարհով» հանձնեցին «այսօրվաններին»: Նրանց համար «իրենց» 6,5-ամյակն ամբողջությամբ ներկված է պայծառ գույներով, իսկ դրան հաջորդած ժամանակահատվածը ծայրից ծայր մղձավանջ է: Բնականաբար, նման մոտեցումը նույնքան մերժելի է, որքան այսօրվա «պետականամետ քարոզչությունը»: Ոչ մի լավ բան չտեսնել այսօրվա մեջ՝ նույնքան անարդար է, որքան անցյալը միայն սեւ գույներով ներկելը»:

Ուրվագծելով Հայաստանի քաղաքական դաշտի զարգացման ներքին զսպանակները՝ «Ազգ» թերթի մեկնաբանը, մասնավորապես, նկատել է. - «Հասարակության այն նեղ շերտը, որ զբաղվում է քաղաքականությամբ ու բիզնեսով եւ դառնում երեք միլիոնանոց փոքրիկ երկրում ամեն ինչի թելադրողը, աստիճանաբար ավելի է նեղացնում շրջանակը եւ ընդհանրապես փակում այնտեղ մուտք գործելու ճեղքերը բոլոր նորմալ մարդկանց համար... Ամեն օր լսում ես, որ այդ նեղ «կռուգի» մարդիկ խնամիանում են իրար հետ եւ բիզնես-քաղաքական կապերն ավելի ամրապնդում զավակների ու դուստրերի ամուսնությամբ: Կշիռ ունեցող քաղաքական գործիչներն ու գործարարներն իրենց զավակների ամուսնությանը նայում են որպես բիզնես-նախագծի եւ իրենց «պալոժ» չեն համարում սովորական մահկանացուի հետ խնամիանալ: Այդպիսի եռակի` բիզնես-քաղաքական-խնամիական կապով կապված մարդկանց համար էլ ի՞նչ կարեւոր են քաղաքական կամ գաղափարական կարգախոսները, քաղաքագիտության կանոնները, ի՞նչ կարեւոր է՝ համամասնական, թե կիսահամամասնական ընտրակարգ է: Այդ բոլորը, միեւնույնն է, ստորադասվելու է տնտեսա-ընտանեկան շահերին»։

«Տարեգիր» թերթի մեկնաբանը, ապագա խորհրդարանական ուժերի կոնֆիգուրացիայի վերաբերյալ իր նախկին կանխատեսումը սրբագրելով, այսօր պնդել է, թե ապագա խորհրդարանում հանրապետական կուսակցությունը մեծամասնություն չի ունենա. - «ՀՀԿ - «Բարգավաճ Հայաստան» «սոցմրցությունը» կընթանա այսպիսի սցենարով՝ սկզբնական շրջանում նրանք իրար «միս կուտեն», ընդդիմադիր մամուլը «շախ» կտա այդ գործընթացին, սակայն, մի կրիտիկական պահի նրանք համաձայնության կգան»։ «Ամենայն հավանականությամբ, այդ քաղաքական համաձայնությունը կկայանա ոչ թե ընտրություններից առաջ, այլ՝ հետո», - ենթադրել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Չնայած Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստան»-ը կարող են առանց Դաշնակցության էլ ապագա խորհրդարանում ապահովել մեծամասնություն, այնուամենայնիվ, հերթական կոալիցիայում առանց Դաշնակցության յոլա չեն գնա»։

«Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Ազգային Ժողովի նիստերի դահլիճում այլեւս չի նստի իր նախկին տեղում՝ Ստեփան Դեմիրճյանի կողքին», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը եւ հավելում. - «Ամեն դեպքում, պատգամավորը նախընտրել է նստել ոչ թե անկախ պատգամավորների, այլ ընդդիմության համար նախատեսված հատվածում»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG