Մատչելիության հղումներ

Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց Սիլվա Կապուտիկյանին


Երեքշաբթի օրը հայ հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց մեծանուն հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին՝ նրա աճյունը ձեռքերի վրա հասցնելով վերջին հանգրվանին՝ Կոմիտասի անվան պանթեոն:

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում Ամենայն հայոց բանաստեղծուհուն իրենց հարգանքի տուրքը մատուցելու եկան հազարավոր մարդիկ՝ նրա պոեզիայի երկրպագուներ, սփյուռքահայեր, պետական այրեր, քաղաքական գործիչներ:

Ժամը 11-ին Կապուտիկյանի աճյունի մոտ պատվո պահակ կանգնեցին բանաստեղծուհու հուղարկավորության կառավարական հանձնաժողովի անդամները՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

«Կորուստը շատ մեծ է ոչ միայն մեր գրականության, այլեւ մեր ողջ ժողովրդի համար», - ասաց վարչապետ Մարգարյանը:

Կեսօրից հետո բանաստեղծուհուն վերջին հրաժեշտը տալու եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ հոգեհանգստյան կարգ կատարեց:

«Երջանիկ էր Սիլվա Կապուտիկյանը, որ իր հոգու բոլոր ուժերը ներդրեց մեր անկախ պետականության վերահաստատման սուրբ նպատակին, տեսավ Հայաստանի ու Արցախի ազատ կյանքը եւ անձնվեր ծառայեց մեր հասարակական կյանքի բարենորոգման ու ամրապնդման նվիրական գործին», - իր հրաժեշտի խոսքում ասաց Վեհափառ Հայրապետը: - «Խունկ, աղոթք եւ օրհնություն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի պայծառ հիշատակին»:

Երբ թաղման թափորը հասավ Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկ, որտեղ Կապուտիկյանի աճյունը ամփոփող դագաղը դրեցին դիակառքի մեջ, ժողովուրդը ընդվզեց, եւ բանաստեղծուհու աճյունը ձեռքերի վրա տարավ մինչեւ Կոմիտասի անվան պանթեոն:

«Ազատ եւ ըմբոստ մարդ էր Սիլվա Կապուտիկյանը», - հրաժեշտի իր խոսքում ասաց գրականագետ Ազատ Եղիազարյանը: - «Մի իշխանություն ճանաչեց ամբողջ կյանքում՝ իր համոզումների եւ իդեալների իշխանությունը»:

Կոմիտասի անվան պանթեոնում Կապուտիկյանի աճյունը ամփոփվեց Արամ Խաչատրյանի շիրիմի մոտ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG