Մատչելիության հղումներ

Հանրապետության բուհերի հարյուրից ավելի դիմորդներ ու նրանց ծնողները այսօր առավոտից հավաքվել էին կրթության եւ գիտության նախարարությունում՝ պարզաբանումներ պահանջելու անձամբ նախարար Լեւոն Մկրտչյանից: Նախարարը Երեւանում չէր, եւ դիմորդներին ընդունեց փոխնախարար Արա Ավետիսյանը:

Այս դիմորդների անունները վերջին օրերին անհետացել են բուհեր ընդունվածների ցուցակներից: Օգոստոսի 24-ի երեկոյան, երբ փակցվել են առանց տարկետման իրավունքի հատկացված լրացուցիչ տեղեր ընդունվածների ցուցակները, նրանց բոլորի անունները գրված են եղել: Երկու օր հետո այդ ցուցակները փոխվել են եւ հայտնվել են այլ մարդկանց անուններ:

«Ամսի 24-ի ցուցակներն ինչպե՞ս են փոխվել. եթե այդ ցուցակներն ունեցել են իրավական ուժ՝ նախարարի ստորագրությամբ, ինչպե՞ս են փոխվել», - վրդովված էին ծնողները:

Արա Ավետիսյանը դժգոհող ծնողներին բացատրեց, որ տեխնիկական վրիպակ է եղել, համակարգչային սխալ, ինչի արդյունքում չընդունված մարդկանց անուններ են հաշվարկվել: Նույնը «Ազատություն» ռադիոկայանին հաստատեց նաեւ Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանը. - «Այս դիմորդները մրցույթից դուրս մնացածներն են, որոնք, եթե չլիներ լրացուցիչ տեղերը բաշխելու՝ հանձնաժողովի վերջին որոշումը, միեւնույն է, չէին ընդունվելու: Այլ հարց է, որ անցողիկ միավորը սխալ է հաշվարկվել եւ ցուցակներում հայտնվել են անցողիկ շեմից ցածր միավորներ ունեցող այս դիմորդները: Դրա համար էլ վերանայված ցուցակներում նրանց անունները չկան»:

Սակայն ծնողների համար այս փաստարկները համոզիչ չեն: «Եթե համակարգչային սխալ է, թող անհարմար զգան, եթե համակարգչային սխալն այսպես բացահայտ հայտարարում են, ուրեմն՝ սխալ են ընդունելության բոլոր ցուցակներն ու համակարգչային տվյալները», - ասաց նրանցից մեկը:

Սասուն Մելիքյանը համոզված է, որ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ: Միակ արդյունքը կարող է լինել այն, որ աշխատանքից, հավանաբար, կազատվի ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

«Մեղավորները կպատժվեն, ընդհուպ մինչեւ աշխատանքից հեռացում: Թոփչյանի հարցը դեռ կքննարկվի, կարծում եմ՝ լրջորեն», - նշեց Մելիքյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Ռուբեն Թոփչյանն ընդունեց իր մեղքը:

Այդուհանդերձ, ինչո՞ւ է վերջին պահին պատասխանատվությունն ընկնում միայն Ռուբեն Թոփչյանի վրա, ինչո՞ւ է հենց նա դառնում «քավության նոխազ», եթե ընդունելության քննություններից հետո անցողիկ միավորներն օրեր շարունակ քննարկվում էին ընդունող հանձնաժողովում՝ նախարարի գլխավորությամբ, եթե վերջնական ցուցակներն էլ կախվեցին նախարարի կողմից կնքվելուց եւ ստորագրվելուց հետո միայն: Ի վերջո, ինչո՞ւ հանկարծ որոշվեց վերանայել արդեն փակցված ցուցակները... Այս հարցերի պատասխանները նախարարությունից եւ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանալ չհաջողվեց: Նրանք պատճառաբանեցին, որ իրավասու չեն պատասխանել: Իրավասուն միայն նախարարն է, նա էլ հենց այսօր մեկնել էր մասնակցելու Գյումրիի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը:

Փոխարենը առարկայական որոշ հանձնաժողովների ներկայացուցիչներ համոզված են, որ այսօր բողոքի դուրս եկած դիմորդների մեծ մասը լրացուցիչ տեղերի հաշվին բուհ ընդունելու համար նախապես համապատասխան «միջնորդություններ» եւ «պայմանավորվածություններ» է ունեցել: Ուստի սկզբում՝ առանց տարկետման անցողիկ շեմից էլ ցածր միավորներով նրանց ընդունել են: Բայց ցուցակները փակցնելուց անմիջապես հետո նրանցից բարձր միավորներով ընդունելության մրցույթից դուրս մնացած դիմորդների եւ ծնողների ճնշման տակ, աղմուկից եւ սկանդալներից խուսափելով, այդ ցուցակները ստիպված վերանայել եւ փոխել են:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG