Մատչելիության հղումներ

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Աջափնյակի կազմակերպության նախագահ, ՀՀԿ ղեկավար անդամ Գալուստ Սահակյանի որդին, Երեւանի արդեն նախկին փոխքաղաքապետ Արման Սահակյանը աշնանը կայանալիք ընտրություններում պայքարելու է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի թաղապետի պաշտոնի համար:

«Ես միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արման Սահակյանը: - «Ես ինքս բարոյական եմ համարում ընտրություններից առաջ հրաժարական տալ: Եվ ես խորհուրդ կտամ մնացած բոլոր այն թեկնածուներին, որոնք պատրաստվում են մասնակցել այդ ընտրություններին, հրաժարական տալ»:

Երեք տարի առաջ Սահակյանը մասնակցել էր Աջափնյակի թաղապետի ընտրություններին ու պարտվել գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանին:

Երեկ նա մեկ անգամ էլ պնդեց, որ Խաչատրյանի հետ իր պայքարը «անհավասար պայմաններում էր ընթացել». արձանագրվել էին կեղծիքներ, որոնց դեմ այս անգամ նախատեսում են «լրջորեն պայքարել»:

«Ամենամեծ ընտրակեղծիքները եղել են այդ դեպքում, որ 7-8 հազար մարդ ժամանակավոր գրանցում են ստացել Աջափնյակ համայնքում եւ քվեարկել էր Արծրուն Խաչատրյանի օգտին», - ասաց նա:

Աջափնյակ համայնքն ունի 120 հազար բնակիչ եւ 72 հազար ընտրող: Անցած ընտրությունները ցույց են տվել, որ ընտրություններին մասնակցում է ընտրելու իրավունք ունեցողների մոտ կեսը:

Գործող թաղապետ, անկուսակցական Արծրուն Խաչատրյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը:

Դիտարկմանը, թե ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու Արման Սահակյանը, Խաչատրյանը պատասխանեց. - «Հանրապետական կուսակցությունից, նույնիսկ վարչությունից շատ մարդիկ կան, որոնք իմ ընկերներն են եւ ինձ են օգնելու: Առայժմ հայտնի չէ, թե ով ում կօգնի: Ամեն դեպքում ես պատրաստ եմ պայքարի, գիտեմ, որ ժողովրդի վստահությունը իմ կողմն է»:

Արման Սահակյանը, մինչդեռ, այս կապակցությամբ ասաց. - «Աջափնյակի ՀՀԿ-ի խորհրդի նախագահն եմ, ՀՀԿ-ի խորհրդի անդամ: Այստեղ զուտ լոգիկայի հարց է. որ դեպքում ում կարող են պաշտպանել»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG