Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի ֆինանսական աջակցությունից զրկված հասարակական կազմակերպությունը, ըստ դրա նախագահի, շարունակելու է իր գործունեությունը:

«Ազգային ժողովից ֆինանսավորում արդեն չունենալով էլ՝ կենտրոնը միջոցներ կգտնի շարունակելու իր գործունեությունը», - երկուշաբթի օրը լրագրողներին ասաց «Ռուս-հայկական միջռեգիոնալ համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, նյարդաբան, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Հենրիկ Բակունցը:

Նախորդ շաբաթ հրավիրած ասուլիսում Ազգային ժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, որ Ռուս-հայկական միջռեգիոնալ համագործակցության կենտրոնը անցյալ տարի 20 միլիոն դրամ էր ստացել խորհրդարանի բյուջեից, այս տարի՝ եւս 10 միլիոն: Իսկ մնացած 10 միլիոնի տրամադրումը Թորոսյանը կասեցրել է, քանի որ «Ազգային ժողովը դոնոր կազմակերպություն չէ»:

Երեկվա հանդիպմանը Հենրիկ Բակունցը հարցին, թե հիշում է արդյոք որեւէ նախադեպ, որ Հայաստանի խորհրդարանը ֆինանսավորած լինի որեւէ այլ հասարակական կազմակերպության, արձագանքեց. - «Չգիտեմ: Գուցեեւ կա, բայց ես չգիտեմ դրա մասին»:

«Բայց ես գիտեմ, որ մեր կառավարությունը, պրեզիդենտի ապարատը եւ այլն այդպիսի հասարակական կազմակեպություններին աջակցություն ցույց են տալիս եւ ֆինանսավորում են», - հավելեց նա: - «Ազգային ժողովում գուցե առաջին դեպքն է»:

Իսկ հարցին, թե արդյոք գիտնականի համար պարտադիր էր անդամակցել «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ աջակցություն ստանալու համար, Բակունցը պատասխանեց. - «Ես առողջապահության բնագավառում աշխատում եմ արդեն 30-ից ավելի տարի եւ գտնում եմ, որ մեր առողջապահության վիճակը ոչ մի ձեւով չի բարելավվում: Թեպետ ֆինանսավորումը շատանում է, բայց ոչ մի ձեւով ո’չ հիվանդի վիճակն է լավանում, ո’չ բժիշկների վիճակը: Արթուր Բաղդասարյանը այդ ժամանակ առաջարկեց ակտիվ մասնակցություն ունենալ առողջապահության հարցերին եւ այլն, եւ ես համաձայնությունս տվեցի... նաեւ կուսակցությանն անդամակցելու»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG