Մատչելիության հղումներ

Կրթաթոշակ ռեկտորատի «ընտրյալների՞ն»


Նոր համակարգը 2005 թվականից սկսած բուհ ընդունվածների համար սահմանում է ուսուցման նոր կարգ: Եթե մինչ այժմ պետպատվերով ընդունված ուսանողը 5 տարի սովորել է անվճար ու կրթաթոշակ ստացել, ապա հիմա անվճար կսովորեն նրանք, ովքեր տարվա կտրվածքով ամենաբարձր առաջադիմությունն են ցուցաբերել: Բայց կրթաթոշակ ստանալու համար պետք է ցուցաբերել նաեւ «հասարակական ակտիվություն եւ պատշաճ վարքագիծ»: Իսկ թե ինչ չափանիշներով են որոշվելու դրանք, օրենքը չի ամրագրում: Չափանիշները պետք է որոշեն բուհերը՝ ըստ իրենց սկզբունքների:

«Երկու բան է հաշվի առնվում՝ առաջադիմությունը եւ մասնակցությունը ուսանողական ձեռնարկներին», - պարզաբանեց Հայաստանի ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը: - «Հիմա եթե մեկը ե’ւ այն է անում, ե’ւ այն, թեկուզ նրան անվանենք «կարիերիստ», բայց թող ստանա, ի՞նչ է եղել»:

Իսկ եթե լինեն ուսանողներ գերազանց առաջադիմությամբ եւ խիստ պատշաճ վարքագծով, որոնք պարզապես չցանկանան ցուցաբերել հասարակական ակտիվությու՞ն... Իսկ դրա առաջնահերթ պայմանը, գաղտնիք չէ, որ դեկանատի եւ ռեկտորատի հետ սերտ «համագործակցությունն» է, ինչպես նաեւ ուսխորհրդի պարբերական ժողովներում ու միջոցառումներում «երեւալը», ինչը հիմնականում ոչ այնքան ուսանողության շահերը պաշտպանելու, որքան ղեկավարությանը դուր գալու եւ սեփական կարիերայի համար ճանապարհ հարթելու միջոց է:

Հաշվի առնելով, որ ուսխորհուրդները վաղուց կուսակցականացված են, ինչով էլ հաճախ ծառայություններ են մատուցում բուհերի կուսակցականացված ղեկավարներին (մանավանդ՝ ընտրությունների ժամանակ), որոշ վերլուծաբաններ գտնում են, որ անվճար սովորելու եւ կրթաթոշակ ստանալու ճանապարհը որոշակիորեն ուրվագծված է:

«Այսօր դա մեզ պետք չի դեռ, դրանով բուհերն ավելի կքաղաքականացվեն»,- նշում են ուսանողներից ոմանք:

Որոշ դասախոսներ փաստում են, որ արդեն սկսվել են որոշ ուսանողների անվճար համակարգ տեղափոխելու համար միջնորդությունները, տարբեր ձեւերով օրենքը շրջանցելու փորձերը, ինչն արդեն կոռուպցիայի ծաղկման լուրջ վտանգ է:

«Վճարովի համակարգում սովորողների համար հայտնվում են բազմաթիվ միջնորդներ, եւ շատ հնարավոր է, որ արդյունքում անվճար սովորող շատ ուսանողներ տուժեն եւ հայտնվեն վճարովի համակարգում», - նշեց Երեւանի պետական համալսարանի Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG